«Դեռ 90-ականներից ասում էի, որ մինչև Նախիջևանի հարցը չլուծվի՝ Արցախի հարցը չի լուծվի»,- հրավիրված ասուլիսում հայտարարեց գրող Ռազմիկ Դավոյանը:
Նա պատմեց, որ ժամանակին ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանն իրեն ասել էր, որ ինքը իր զորաջոկատով և Ֆրանսիայի դեսպանուհու հետ միասին արցախյան առաջին պատերազմի տարիներին 15-20 կմ խորացել էր Նախիջևանի տարածք և մի քանի ժամվա խնդիր էր այն գրավելը, սակայն նրան հրահանգ է եկել, որ հետ կանգնի այդ քայլից:
«Նախիջևանն է հիմնաքարը, պետք է վերցնել այն, իսկ արցախյան պայքարը մնում է ուժի մեջ»,- հայտարարեց Ռազմիկ Դավոյանը:
Գրողը նաև հիշեց խորհրդային տարիներին Հայաստանի սահմանները պահող ռուս սահմանապահ զորքերի գեներալի խոսքերը, որը հայտարարել էր, թե Նախիջևանը օձ է դրված սահմանապահ զորքերի թիկունքին և եթե թույլտվություն լինի, ապա 2 ժամում շրջանի հարցը կլուծի:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմին՝ գրողը շեշտեց. «Ամեն անգամ փլուզումի առաջ ենք կանգնում և ամեն անգամ մեր բեկորները մեր ռազմավարական բարեկամն է հավաքում՝ կազմում պետություն, իսկ նրա հետ ներկայիս իշխանությունների վարվելակերպը ամենցածրագույն մակարդակի վրա է»:
Ռազմիկ Դավոյանն առաջնային համարեց Ռուսաստանի հետ համարժեք հարաբերություններ հաստատելը:
panorama.am