Մեկնարկել են Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադըլ Քարաիսմայիլօղլուն:
Թուրք պաշտոնյան այս մասին ասել է Yeni Safak թերթին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ թուրքական կողմն այդ հարցը քննարկել է Ադրբեջանի փոխվարչապետի հետ: Զրույցի ընթացքում շեշտվել է հնարավորինս շուտ շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:
«Շինարարությունն արդեն սկսվել է»,-ընդգծել է թուրք պաշտոնյան:
Միևնույն ժամանակ, Քարաիսմայիլօղլուն կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է սկսել նաև Կարսից դեպի Նախիջևանի հետ սահմանին Դիլուջու անցակետ երկաթգծի կառուցման աշխատանքները:
«Անհրաժեշտ է արդիականացնել նաև Նախիջևանի երկաթուղիները, և դրանից հետո սկսել Ադրբեջանից Նախիջևան ուղիղ երկաթուղու կառուցումը, այդպիսով, երկաթուղային կապ ապահովելով Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղղակիորեն, այլ ոչ թե Վրաստանի տարածքով: Դեկտեմբերին Բաքուն նախատեսում է կառուցել նշված երկաթգիծը, բայց Անկարան առաջարկել է նախ ավարտին հասցնել մայրուղու շինարարությունը, այնուհետև անցնել Ադրբեջանից Նախիջևան երկաթգիծ անցկացնելուն»,- ասել է թուրք պաշտոնյան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, ստորագրվել էր հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
tert.am