Ինտերֆաքսը հայտնում է, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն վերաորակավորել է նոյեմբերի 9-ին Հայաստան-Նախիջևան սահմանին խոցված ռուսական ուղղաթիռի գործը: Այն ներկայումս անցնում է երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության հատկանիշով, այն դեպքում, երբ մինչ այդ գործը հարուցվել և քննվում էր թռիչքային անվտանգության խախտման հատկանիշով: Ակնառու է, որ քրգործի վերաորակավորումը ունի նաև քաղաքական նշանակություն, հաշվի առնելով, որ ուղղաթիռը խոցել են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ:
Բաքուն ինչպես հայտնի է խոստովանեց այդ խոցումը անմիջապես, ասելով, որ տեղի է ունեցել թյուրիմացություն և ուղղաթիռը խոցել են, չիմանալով, որ այն ռուսական զինուժինն է: Ռուսաստանն ընդունեց ներողությունը, օրեր անց հայտարարելով, որ սպասում է, որպեսզի Բաքվի ղեկավարությունը կատարի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու խոստումը: Սակայն, որևէ մեկը պատասխանատվության ենթարկված չէ:
Մենք առիթ ունեցել ենք գրելու, որ ուղղաթիռի պատմությունը, որը բավականին խորհրդավոր է մի շարք հանգամանքների բերումով, կապված նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության ստորագրմանն ընդամենը ժամեր առաջ նախորդելու հետ, Մոսկվան փորձելու է որպես մահակ օգտագործել Բաքվի դեմ:
Քրգործի վերաորակավորումը ըստ էության մահակի կիրառում է, այլ կերպ ասած՝ մահակի ավելի իջեցում դեպի ներքև, այսինքն Բաքվին ավելի մոտ: Չի բացառվում, որ ավելի մոտ նաև Անկարային, որովհետև հայտնի չէ, թե ընդհանրապես ով է հրաման տվել խոցել և ով է խոցել ուղղաթիռը, եթե նկատի ունենանք, որ խոսքը Նախիջևանի մասին է, որտեղ կան նաև թուրքական ստորաբաժանումներ: Ընդ որում հատկանշական է, որ քրգործի վերաորակավորումը տեղի է ունենում դեկտեմբերի 29-ին Սոչիում Լավրով-Չավուշօղլու հանդիպումից հետո: Այդ հանդիպմանը Մոսկվան ու Անկարան խոսում էին փոխադարձ սիրալիրությամբ և ըմբռնման շեշտադրումներով, որոնք սակայն ռուս-թուրքական հարաբերությունում սովորաբար ավելի շուտ թաքցնում են ըմբռնման բացակայությունը: Հայտնի է, որ դեկտեմբերի 29-ին լուծվեցին մոնիտորինգի կենտրոնի հետ կապված հարցեր, որի շրջանակում պետք է իրականացվի տարածքի դիտարկումներ անօդաչու հետախուզական սարքերի միջոցով: Արդյո՞ք ուղղաթիռի պատմությունը Ռուսաստանի համար լինելու է Նախիջևանը որևէ հարցադրումով քննարկումների շրջանակ բերելը:
mediaroom.am