Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«1960-70-ականներին Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը լուռ և քրտնաջան աշխատանք էր տանում, որպեսզի ամրապնդի Սյունիքը։ Խոսքը գնում էր առաջին հերթին սյունեցիների համար տնտեսական բարվոք պայմանների ստեղծմանը, ինչը հնարավորություն կտար վերջիններիս չլքել իրենց հայրենի բնակավայրերը՝ քաղաք տեղափոխվելով։
Խորհրդահայ ղեկավարության համար ակնհայտ էր նաև Ադրբեջանի ղեկավարության ձգտումը՝ ամեն գնով միացնել Նախիջևանը «մայրցամաքային» Ադրբեջանին, որի գլխավոր խոչընդոտը հենց Սյունիքն էր։ Այդ ձգտումը դրսևորվում էր տարբեր ծրագրերով, որոնք Բաքուն փորձում էր իրականություն դարձնել՝ համապատասխան աշխատանք կատարելով Մոսկվայում։
Կուզեմ դրանցից առանձնացնել հատկապես մեկը, որը առաջիկա օրերին նորից գերարդիական կդառնա։
1970-ականներին Հեյդար Ալիևը ԽՍՀՄ ղեկավար Լ. Բրեժնևից անձամբ թույլտվություն էր ստացել կառուցել Զանգելան-Օրդուբադ ճանապարհը (արդեն իսկ կառուցվել էր ճանապարհ մինչև Նյուվադի՝ Մեղրու շրջանի վերջին գյուղը)։ Դա հնարավորություն էր տալու Մեղրու տարածքով մինչև Նախիջևան ունենալ ուղիղ հաղորդակցություն։ Եթե դրան գումարենք նաև արդեն գործող երկաթուղին, որն անցնում էր Նախիջևան-Մեղրի-Մերձարաքսյան հովիտ ուղով, ապա կարելի է ասել, որ Թուրքիայի հետ կապը ամբողջանում էր (իմիջիայլոց, նորից հայր Ալիևի ջանքերով ավելի ուշ Արաքսի վրայով կամուրջ կառուցվեց Նախիջևանում, որը երկրամասը կապեց Թուրքիային)։
Իրավիճակի վտանգավորությունը հասկանում էին նաև Խորհրդային Հայաստանի ղեկավարները, ինչը ստիպեց վերջիններիս լծվել քարոզչական ու քաղաքական բուռն աշխատանքի։ Նրանց կողմից ճանապարհի կառուցումը արգելելու համար որպես գլխավոր հիմնավորում նշվում էր «ՆԱՏՕ-ի դաշինքի համար Թուրքիայից մինչև Բաքու ճանապարհի բաց լինելը»։ Մոսկվան մի քանի հանձնաժողով ձևավորեց, որոնք հայկական կողմի հմուտ աշխատանքի շնորհիվ արձանագրեցին, որ Զանգելան-Օրդուբադ ճանապարհը չպետք է կառուցվի։
Փոխարենը Անտոն Քոչինյանը և իր թիմը ձեռնամուխ եղան Սյունիքի ներսի հաղորդակցության ստեղծմանն ու հզորացմանը։ Կառուցվեցին Ղափան-Շիշկերտ, Շիշկերտ-Լիճք, Քաջարան-Մեղրի ճանապարհները։ Իմիջիայլոց, առանց Քաջարան-Մեղրի ճանապարհի Արցախյան առաջին պատերազմում մենք կորցրած կլինեինք Մեղրին։ Անգնահատելի է այս ճանապարհների ռազմավարական նշանակությունը։
ՀՀ ներկայիս ղեկավարությունը, որն աչքի է ընկնում բացառիկ տգիտությամբ, չի հասկանում այս պարզ իրողությունները և այժմ սիրահոժար կերպով Ադրբեջանին է տրամադրում այն, ինչին Բաքուն ձգտել է առնվազն վերջին 100 տարին, բայց այդպես էլ չի հաջողել մինչև 2020թ.։ Ներկա իշխանությունների կառավարումը շարունակելու դեպքում շուտով Մեղրին կդառնա տարանցիկ գոտի։ Իսկ թե ինչ աղետ է դա մեզ համար, արդեն մի քանի անգամ գրել եմ։
ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը»:
Իրավաբան.net