Թուրքիան նպատակ ունի կյանքի կոչել «Ազգային ուխտը»
Թուրքիայի ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարները դեկտեմբերի 15-ին պայմանագիր են ստորագրել Իգդիր-Նախիջեւան գազատարի կառուցման վերաբերյալ: Ըստ նախագծի, Թուրքիայի տարածքով պետք է գազ հասցվի Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը նշեց, որ ներկայում Նախիջեւանին գազ է մատակարարվում հարեւան Իրանի տարածքով հետեւյալ սխեմայով, Ադրբեջանը գազը մատակարարում է Աստարա՝ Իրան, իսկ վերջինս էլ՝ Նախիջեւանին, իրեն պահելով 15 տոկոսը որպես տարանցիկության վարձավճար։ Այսօր ստեղծված նոր իրավիճակում Ադրբեջանը գտնում է, որ համաձայնագրում առկա կետով Նախիջեւանի հետ տարանցիկության հնարավորություն է ստեղծվելու, սակայն հստակեցված չէ, թե ինչ ի նկատի ունեն եւ ինչ է ենթադրում տարանցիկությունը։ «Այդտեղ գրված է պարզապես «կոմունիկացիաներ»։ Թուրքիան եւ Ադրբեջանը դա մեկնաբանում են որպես բազմաֆունկցիոնալ կոմունիկացիաներ, իսկ դրա տակ ամեն ինչ կարելի է հասկանալ, այսինքն՝ դա ոչ միայն ճանապարհ կարող է լինել, այլեւ երկաթուղի, գազատար եւ այլն։ Յուրաքանչյուրը մեկնաբանում է այնպես, ինչպես ցանկանում է»,- ասաց զրուցակիցս։ Բնականաբար, նման մեկնաբանության հարցում առաջին հերթին շահագրգռված է Ադրբեջանը՝ այն մեկնաբանությամբ, որ այդտեղով նաեւ գազատար կարող է անցնել։
Կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի ստորագրած հուշագրի հեռահար նպատակներից է գազ մատակարարել նաեւ Ադրբեջանի տիրապետւթյան տակ անցած Արցախի տարածքներով։ Թե ինչպիսին կլինի բուն նախագիծը, որը կյանքի կկոչվի, ցույց կտան արդեն հետագա զարգացումները։ Սակայն թուրքագետը համոզված է, որ այն մեծ վտանգ է ներկայացնում մեզ համար, որովհետեւ եթե նույնիսկ շատ անորոշ ձեւով գրված լինի «Մեղրիի միջանցքի» մասին, ապա չի բացառվում, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ճնշում կգործադրեն, որպեսզի հասնեն իրենց ուզած մեկնաբանությամբ հարցի լուծմանը։
Նախագիծն իրականացվելու է թուրքական «BOTAŞ» պետական գազային ընկերության եւ ադրբեջանական «SOCAR» պետական ընկերության կողմից, որոնք ակտիվ բանակցություններ են վարում թուրքմենական կողմի հետ։ «Ադրբեջանի գազի պաշարները չեն բավարարում, որպեսզի ամբողջությամբ լցնեն «Թանափ» (TANAP) գազատարը, հետեւաբար ինչ-որ տեղից պիտի գազ վերցնեն, եւ դա Թուրքմենստանն է։ Ամենայն հավանականությամբ «SOCAR»-ը շահել է տենդերը»,-մանրամասնեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ առաջիկայում Թուրքիան գուցե այլեւս ռուսական գազի կարիք չունենա, քանի որ վերջերս գազի պահանջը բավարարում էր ադրբեջանական գազի շնորհիվ։ Բնականաբար, այս նախագիծը խնդրահարույց է Ռուսաստանի համար, եւ շահերի համընկնման առումով հայկական կողմը կարող է ներգրավվել որպես գործընկեր։
Նկատենք, որ վերջին ամիսներին Թուրքիան ընդհանրապես գազ չէր գնում Իրանից։ Սա նշանակում է, որ Թուրքիայի համար առաջնային հարցերից է տարածաշրջանում Իրանի դիրքերի թուլացումը թե՛ տնտեսապես, թե՛ որպես տարանցիկ կոմունիկացիոն գոտի։ Նպատակն է՝ դառնալ տարածաշրջանի թիվ մեկ խաղացողը։ Այս տրամաբանության մեջ էր նաեւ հայտնի բանաստեղծության հետ կապված սկանդալը։ «Թուրք-ադրբեջանական նախագիծը, ինչպես մի շարք այլ գործոններ ցույց են տալիս, որ այս տանդեմի ուղղվածությունը միտված է Իրանի եւ Ռուսաստանի դիրքերի թուլացմանը, ինչն արդեն տեղի է ունեցել, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան լեգիտիմ կերպով հաստատվում է Ադրբեջանում,-ասաց թուրքագետը, ապա շարունակեց.-Նոր գործընթացները բնականաբար մեր օգտին չեն, առավել եւս եթե հաշվի առնենք այն, որ մեր սուբյեկտայնությունը զգալիորեն կորցրել ենք եւ ինքնուրույն քայլեր անելու ներուժ գրեթե չունենք։ Զրոյական մակարդակում չենք եւ ինչ-ինչ հնարավորություններ, այնուամենայնիվ, կարելի է գտնել»։
Նախիջեւանի հետ կապված զրուցակիցս անդրադարձավ մեկ կարեւոր հարցի եւս․ թվում է՝ Նախիջեւանը ռեսուրս է Ադրբեջանի համար, սական որոշ ադրբեջանական փորձագետների կարծիքով, այն նաեւ լուրջ պրոբլեմ է, քանի որ եթե ոչ ակնհայտ, բայց այնուամենայնիվ խորքային գործընթացներում թուրք-ադրբեջանական հակասությունների առիթ է դառնում։ Այստեղ դրված է նաեւ Ադրբեջանի սուբյեկտայնության խնդիրը, քանի որ Թուրքիան վերջին շրջանում շատ է մեծացրել իր ներկայությունը Նախիջեւանում։ Թուրքիան ռազմաբազաներ ունի Կատարում եւ Սուդանում, նշվում է երրորդը Նախիջեւանում բացելու մասին։ Արդեն իսկ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Ադրբեջանը, չունենալով Նախիջեւանի հետ ցամաքային սահման, չունի նաեւ վերահսկողության բավարար լծակներ դե յուրե իրեն պատկանող տարածքի վրա։ Ստացվում է, որ Նախիջեւանում Թուրքիան ավելի շատ լծակներ ու հնարավորություններ ունի, ինչն էլ բնականաբար մտահոգում է Ադրբեջանին։ «Հաշվի առնենք, որ Ադրբեջանը մեծ «պարտք» ունի Թուրքիայի հանդեպ։ Նկատի ունենանք, որ առանց Թուրքիայի օգնության եւ աջակցության, Ադրբեջանը չէր կարողանա պատերազմի ընթացքում հասնել այս արդյունքներին, հետեւաբար այս պարագայում Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի օգուտ քաղի ուժերի ստեղծված հարաբերակցությունից, օրինակ՝ ադրբեջանական գազը ստանա ներքին գներով»,-շեշտեց նա։
Նախիջեւանն Ադրբեջանի համար պրոբլեմ է նաեւ այն առումով, որ Թուրքիայի «Ազգային ուխտ» կոչված փաստաթղթով այդ տարածքը թուրքերը համարում են իրենցը։ Հիշեցնենք, որ Ազգային ուխտը կամ Միլլի Միսաքը Թուրքիայի հանրապետության հիմնադրման փաստաթուղթն է՝ ընդունված դեռեւս Աթաթուրքի կողմից։ «Դրա վերանայման մասին շարունակաբար բարձրաձայնում է Էրդողանը։ Նա բազմիցս ընդգծում է, որ ըստ այդ փաստաթղթի՝ ամեն ինչ չէ, որ գտնվում է Թուրքիայի սահմաններում։ Փաստորեն Էրդողանը հայտ է ներկայացնում վերանայելու այն, համաձայն որի՝ Թուրքիայի կազմում պետք է լինեն Կիպրոսը, Իրաքի Մոսուլի վիլայեթը, Սիրիայի հյուսիսը, ինչպես նաեւ Նախիջեւանը։ Այդ փաստաթղթի համաձայն Նախիջեւանը դիտարկվում է ոչ թե որպես Ադրբեջանի, այլ Թուրքիայի տարածք»,-պարզաբանեց Հովհաննիսյանը։
Ի դեպ, 1938 թվականին Սիրիայի Ալեքսանդրեթի (Հարավային Կիլիկիա) սանջակը բռնակցվեց Թուրքիային։ Միլլի Միսաքն ընդունվել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից 1920-ին, բայց Լոզանի պայմանագրով Թուրքիան ունի այսօրվա սահմանները։ Նախիջեւանն Ադրբեջանին էր անցել միայն քեմալ-բոլշեւիկյան պայմանավորվածության արդյունքում։ Նախիջեւանի հանդեպ Թուրքիայի հավակնություններին Ադրբեջանի քաղաքական վերնախավը բնականաբար մեծ զգուշավորությամբ է վերաբերվում։ Մի կողմից խոսվում է եղբայրության եւ համագործակցության առկայության մասին, սակայն մյուս կողմից՝ կան որոշակի վերապահումներ։ Թուրքագետի խոսքով, այս ամենի մասին փորձագետներն ու մասնագետները մշտապես բարձրաձայնում են, եւ ցանկալի է, որպեսզի պետությունն իր քաղաքականությունը մշակելիս անպայմանորեն հաշվի առնի փորձագիտական հանրույթի ուսումնասիրություններն ու առաջարկությունները։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
hhpress.am