Իրանի պետական ռադիոյին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չի շրջանցել Իրանի շահերը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը որոշելու իրավունքը եղել է Հայաստանինն ու Ադրբեջանինը, հայտնել է Լավրովը և հավելել, որ այստեղ հետին միտք չի եղել։
«Այժմ պետք է մտածել ոչ թե այն մասին, թե ո՞վ, ե՞րբ է հասցրել կամ չի հասցրել օգնել հակամարտության կարգավորմանը: Հենց դրանով էր պայմանավորված եռակողմ հայտարարության մասնակիցների կազմը։ Իրանի հաշվին կամ Թուրքիայի հաշվին դա անելու ոչ մի փորձ չի եղել եւ չէր էլ կարող լինել», ասել է ՌԴ ԱԳ նախարարը, ավելացնելով, որ Իրանի շահերն այս դեպքում անտեսված չեն և Մոսկվան հասկանում է Թեհրանի մտահոգությունը, թե ինչպես են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ազդելու Իրանի տարանցիկ շահերի վրա, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն ԱՄՆ պատժամիջոցների համատեքստում:
Ըստ ամենայնի, Իրանը նույնպես, ինչպես ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, իր հարցերն ունի Ռուսաստանին եռակողմ համաձայնության ու Թուրքիայի դերի մասին: Պատերազմի օրերին, երբ թուրքական ուժերը հասել էին Սյունիքի մատույցներին, Իրանը հայտարարեց, որ թույլ չի տա աշխարհքաղաքական սահմանների փոփոխություն եւ մեծ ուժեր կուտակեց իր հյուսիսային սահմաններին: Միաժամանակ, Իրանը հանդես եկավ Ղարաբաղի խնդրի կարգավորման իր առաջարկով: Իրանին մտահոգում էին ոչ միայն ահաբեկիչների հնարավոր ներթափանցումները, այլեւ սահմանների փոփոխությունը. աշխարհքաղաքական սահմաններ ասելով, Իրանը նկատի ուներ հենց ՀՀ հետ սահմանը:
Այսինքն, Իրանը ունեցել է լուրջ կասկածներ, եւ հետագայում դրանք հաստատվեցին, որ ռուս-թուրքական համաձայնությունը ներառում էր նաեւ Հայաստանի հարավի օկուպացիան՝ Թուրքիա-Նախիջեւան-«ադրբեջան» ցամաքային միացման եւ Իրանը Հայաստանից կտրելու եւ շրջափակումն ուժեղացնելու ծրագիրը: Այն ժամանակ զլմ-ներում տեղեկություն եղավ, որ Իրանը հարվածներ է հասցրել «ահաբեկիչներին»: BBC-ի թուրքական ծառայությունը նյութ էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ իրանական կողմը հայտարարել է, որ Թուրքիան, Իսրայելն ու Ադրբեջանը որոշել էին Իրանին սահմանակից Հայաստանի տարածքները գրավել, բայց իրենք դիմադրեցին, որից հետո վերադարձան միջանցքի տարբերակին:
Այս իրողությունների ֆոնին պարզ են դառնում Լավրովի արդարացումները Իրանի պետական ռադիոյին տված հարցազրույցում: Որեւէ կասկած չկա, որ նման մտադրությունները թուրքերը չէին համարձակվի իրագործել առանց Ռուսաստանի համաձայնության, քանի որ Սյունիքն արդեն այսպես կոչված ՀԱՊԿ եւ Ռուսաստանի պատասխանատվության տարածք է, եւ այս պարագայում վճռական դեր է խաղացել Իրանի դիրքորոշումը:
Դրանից հետո ռուսները սկսեցին խոսել Սյունիքով արդեն երկու միջանցքի մասին, Սյունիքի հանդեպ հավակնությունների մասին հայտարարեցին Էրդողանն ու նրա խեղկատակը, այլ շահառուներ նույնպես կան՝ Իսրայել, Մեծ Բրիտանիա եւ այլն:
Հայաստանի «քաղաքական դասի» զբաղմունքն այս ճակատագրական իրավիճակում մնում է նույնը՝ հայհոյել զմիմեանս ու ճշգրիտ պարբերականությամբ երախտագիտություն հայտնել Ռուսաստանին:
lragir.am