Մարիա Զախարովայի խոսքով՝ տնտեսական հաղորդակցության ապաարգելափակումն ու նորերի հիմնումը երկարատև գործընթաց է, որը բազում պրոֆիլային կառույցների ներգրավում է պահանջում։
Մոսկվան կարծում է, որ առավել հեռանկարային ուղղությունը երկաթուղային հաղորդակցության վերականգնումն է։ Այդ նպատակով ռուս մասնագետների մասնակցությամբ Նախիջևանի հետ սահմանակից հատվածների առաջնային ուսումնասիրություն է անցկացվել։ Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Արցախյան հակամատության վերաբերյալ ընդունվաթ հրադադարի եռակողմ հայտարարությանը։
«Տնտեսական կապերի ապաարգելափակումը, հաղորդակցությունների նոր միջոցների կառուցումը երկարատև գործընթաց է, դրա մեջ պետք է ներգավել պրոֆիլային բազում կառույցներ, ու գլխավոր հարցերը լուծելու են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները, որոնք, որքան մեզ հայտնի է, խնդրի հետկոնֆլիկտային փուլի ընթացքում առաջացած խնդիրներին արձագանքելու հատուկ մեխանիզմներ են ձևավորել», – ասել է Զախարովան։
Նա նշել է, որ ռուս մասնագետների աջակցությամբ Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանամերձ հատվածների, երկաթուղային ենթակառուցվածքների, նաև Հայաստանի սահմանամերձ երկաթուղային գծերի առաջնային ուսումնասիրություն է անցկացվել։
Այդ առումով ամենահեռանկարային ուղղությունն այսօր երկաթուղային հաղորդակցության վերականգնումն է։
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի համաձայն, տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային բոլոր հաղորդակցություններն ապաարգելափակվում են։ Միաժամանակ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների ու Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը՝ երկու ուղղությամբ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անխափան երթևեկությունն ապահովելու համար։
Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնելու են ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանային ծառայության մարմինները։ Նաև պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ կողմերի համաձայնությամբ Նախիջևանն Ադրբեջանի հիմնական տարածքին կապող նոր տրանսպորտային հաղորդակցություններ են կառուցվելու։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։
Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
armeniasputnik.am