Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 8-ին Նախիջևանի հետ սահմանակից Սյունիքի մարզում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորած` Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:
«Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ և աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիրներ չի ունեցել: Ն. Սարդարյանն ունի ընտանիք և անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը:
Ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ», – ասված է ԱԱԾ հայտարարության մեջ:
Ավելի վաղ՝ անցած շաբաթ, Հայաստանի ոստիկանության Սիսիանի բաժինը հայտնել էր, որ որոնում է Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանին։ Երեկ Բաքուն հայտարարել էր, թե Սարդարյանն ինքնակամ հատել է սահմանն ու անցել Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածք։ Տեղի հեռուստաընկերությունը ցուցադրել էր Սարդարյանի հետ հարցազրույցը՝ պնդելով, թե նա խնդրել է իրեն Ադրբեջանի քաղաքացիություն տրամադրել։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ անդրադարձել է Նարեկ Սարդարյանի ձերբակալման մասին ադրբեջանական լրատվամիջոցների հայտնած տեղեկությանը․ «Այս հարցով խոսել եմ Կարմիր խաչի հայկական պատվիրակության ղեկավարի հետ, նրանք նշեցին, որ գործ են բացել և դիմել են Ադրբեջանի Կարմիր խաչին, սակայն դեռ տեղեկություն չեն ստացել»։ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է Նարեկ Սարդարյանի ընտանիքի անդամների հետ։ Նրանք մեզ տեղեկացրել են, որ հուլիսի 8-ին առավոտյան ժամը 10։00-ից հետո Նարեկը գնացել է Սյունիքի մարզի Գորայք գյուղի մոտ գտնվող արոտավայր անասունների հետևից և չի վերադարձել»: «Կարեն Ղազարյանի վերաբերյալ մանրամասները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կփոխանցի Կարենի ծնողներին»,-նշել է Թաթոյանը: