Նախիջևանի կորուստը. մի քանի պատմական իրողություններ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
civilnet.am

Հայկական պատմական և քաղաքական դիսկուրսում կա արմատավորված տեսակետ, որ 1921 թվականի մարտի 16-ի, իրականում՝ 18-ի, Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի հետևանքով է, որ մենք՝ հայերս, կորցրել ենք Նախիջևանը: Ճիշտ է, 1921-ի այս օրերին ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները վերջնականապես վճռեցին Նախիջևանի հարցը հօգուտ Խորհրդային Ադրբեջանի, սակայն իրականություն է նաև, որ մենք՝ հայերս, Նախիջևանը կորցրել էինք դեռ մեկուկես տարի առաջ՝ 1919-ի հուլիսին:

Պատմական տեղեկատու

Հայկական լեռնաշխարհի ամենահայկական տարածքներից մեկը եղել է Նախիջևանը, որը փաստացի Արարատյան դաշտի շարունակություն է: 1800-ականների առաջին տասնամյակներում Ռուսաստանը Պարսկաստանից գրավեց Արաքսի ձախ ափի տարածքները՝ Անդրկովկասը:

1828-ին ռուսները ստեղծեցին Հայկական մարզը, որի մեջ ներառվեցին Պարսկաստանի տիրապետության տակ գտնված երկու խանությունները՝ Երևանի և Նախիջևանի: 1831 թվականի տվյալներով, մարզի 5 խոշոր բնակավայրերից 3-ը Նախիջևանում էին՝ Նախիջևանը՝ 5 470 բնակիչ, Օրդուբադը՝ 3 444 և Ջահրին՝ 1 880 հոգի: Մյուս երկու խոշոր բնակավայրերն էին Երևանը՝ 11 920 հոգի, որը մարզի խոշորագույն բնակավայրն էր և վարչական կենտրոնը, և Վաղարշապատը՝ 2 175 հոգի:

Մինչև 1921 թվականը Նախիջևանը երբեք մաս չի կազմել այն նահանգների, որոնց տարածքում հետագայում՝ 1918-ի կեսերին, պետք է հռչակվեր Ադրբեջանը: Հակառակը, Նախիջևանը, սկսած Հայկական մարզից (1828-1840) մինչև 1918-ը միշտ մաս է կազմել այն նահանգների, որոնց տարածքում հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը 1918-ին:

Ճիշտ է նաև, որ 1828-ից մինչև 1921 թվական, երբ Նախիջևանը դե յուրե և առաջին անգամ դրվեց Խորհրդային Ադրբեջանի տիրապետության տակ, Նախիջևանում հայերը երբեք մեծամասնություն չեն կազմել:

1897թ․ ռուսական կայսրության առաջին և վերջին մարդահամարի համաձայն՝ Նախիջևանի գավառում հայերի թիվը 34,4 տոկոս էր, կովկասյան թաթարներինը, այն է՝ ադրբեջանցիներ՝ 63,7 տոկոս: Նախիջևան գավառի բնակչության ընդհանուր թիվը 100 771 էր, Նախիջևան քաղաքն ուներ 8 790 բնակիչ: 1897թ. մարդահամարի համաձայն՝ Նախիջևանի գավառում կովկասյան թաթարների թիվը 64 151 էր, հայերի թիվը՝ 34 672:

1918-ին, երբ հռչակվեցին Հայաստանն ու Ադրբեջանը

1918-ի մայիսին, երբ հռչակվեցին Հայաստանն ու Ադրբեջանը, Նախիջևանը ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի կազմում էր: Ինչպես Նախիջևանը, այնպես էլ Զանգեզուրն ու Արցախը վիճելի տարածքներ էին նորաստեղծ երկու հանրապետությունների միջև:

Այստեղ նշենք, որ Նախիջևանը կազմված էր 3 մասից՝ Շարուր, բուն Նախիջևան և Գողթան, որ այսօրվա Օրդուբադն է:

1918-ի աշնանը, երբ Օսմանյան կայսրությունը իրեն պարտված ճանաչեց Առաջին աշխարհամարտում, թուրքական զորքերը սկսեցին հեռանալ Անդրկովկասից: Միևնույն ժամանակ, Պարսկատանից Անդրկովկաս մտան բրիտանացիները, որոնք հարցեր որոշող էին 1919-ի ընթացքում:

Հայկական պատմագրության մեջ ընդունված է այն տեսակետը, որ բրիտանացիները վարում էին ադրբեջանանպաստ քաղաքականություն, ինչը մասամբ է համապատասխանում իրականությանը:

Բրիտանացիների կեցվածքը վիճելի տարածքների հարցում

Անդրկովկասում հաստատվելուց անմիջապես հետո բրիտանացիները ձեռնամուխ եղան Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը կարգավորելու բարդագույն խնդրի լուծմանը:

1919-ին նրանք փորձում էին համոզել Հայաստանին, որ հրաժարվի Արցախից և Զանգեզուրից: Փոխարենը բրիտանացիները խոստանում էին Հայաստանին միացնել Նախիջևանը և Կարսը:

Բրիտանացիները ոչ միայն տարածքների, այլև մարդկանց փոխանակում էին առաջարկում: Նրանք Հայաստանին առաջարկում էին հրաժարվել Արցախից, բոլոր արցախցիներին բնակեցնել Արարատյան դաշտում, իսկ Արարատյան դաշտում և Նախիջանում բնակվող բոլոր թաթարներին, իմա՝ ադրբեջացիներ, տեղափոխել և բնակեցնել Արցախում:

Բրիտանական զորքերի օգնությամբ Հայաստանը 1919-ի գարնանը մտավ Նախիջևան և Կարս: Վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը և Դրոն գնացքով հասան մինչև Ջուղա, այսօրվա Ջուլֆա, իրենց հետ տարան Հայաստանի կառավարության ներկայացուցիչ, նահանգապետ Գևորգ Վարշամյանին:

Հայաստանը, սակայն, Նախիջևանը կարողացավ պահել միայն երկու ամիս: Արդեն հուլիսին թուրք-թաթարական հարվածների տակ Նախիջևանում հաստատված հայկական զորքի մի մասը ջարդվեց, մյուս մասը կարողացավ նահանջել դեպի Շարուր ու փրկվել: 1919-ի դեկտեմբերին Նախիջևանում, առաջին հերթին՝ Ագուլիսում, տեղի ունեցավ հայերի ջարդ: Այսպիսով, Գողթանն ու բուն Նախիջևանը անցան թուրք-թաթարական տիրապետության տակ, իսկ Շարուրը Հայաստանի մաս մնաց մինչև 1920-ի աշուն:

Ռուս բոլշևիկների կեցվածքը վիճելի տարածքների հարցում

1919-ի վերջերին բրիտանացիներին այլևս չէր հետաքրքրում Անդրկովկասը, նրանք սկսեցին հեռանալ: Սուրբ տեղը դատարկ չի մնում, և այն լրացրեցին բոլշևիկները:

1920 թ. ապրիլին Ադրբեջանը դարձավ բոլշևիկյան: Ու քանի որ Հայաստանը համարվում էր արևմտյան պետությունների՝ Ամերիկա, Ֆրանսիա, Իտալիա դաշնակիցը, ռուս բոլշևիկները իրենց խաղաքարտերը դրեցին ադրբեջանցիների վրա:

Արդեն մայիսից Հայաստանը բանակցությունների մեջ էր մտել Ռուսաստանի հետ, որը բացահայտ աջակցում էր Ադրբեջանին:

1920թ. օգոստոսի 10-ին Թիֆլիսում կնքվեց հայ-ռուսական համաձայնագիր, որով Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի համարվող Արցախը, Զանգեզուրն ու Նախիջևանը համարվեցին ռուսական զորքերի կողմից գրավված տարածքներ: Համաձայնագրի երրորդ կետով հստակ նշվում էր, որ «Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չի կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը: ՌԽՖՍՀ-ն այս ժամանակավոր գրավումով մտադիր էր բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարածքային վեճերը խաղաղ լուծելու համար այն հիմքերով, որոնք սահմանվելու են ՌԽՖՍՀ և Հայաստանի միջև ամենամոտ ապագայում ստորագրվելիք խաղաղության պայմանագրով»:

Այս շրջանում՝ 1920-ի սեպտեմբերին, սկսվեց թուրք-հայկական վերջին պատերազմը, որն ավարտվեց Հայաստանի ծանր պարտությամբ, տարածքային լուրջ կորուստներով: Ամիսներ անց Հայաստանը դարձավ խորհրդային, արդեն Ռուսաստանի իբր բարեկամ ու դաշնակից:

1921 թվականի մարտի 16, իրականում՝ 18

1921 թվականի մարտի 18-ին Մոսկվայում ռուս բոլշևիկների և թուրք քեմալականների միջև կնքվեց պայմանագիր, որով Նախիջևանը դրվեց Խորհրդային Ադրբեջանի կազմում, իսկ Կարսը, որ գրեթե առանց կռվի 1920-ի հոկտեմբերին անցել էր քեմալականներին, մաս կազմեց ապագայում ձևավորվելիք Թուրքիայի Հանրապետությանը:

1920-ի հոկտեմբերին մենք կորցրեցինք նաև Սուրմալուն՝ Իգդիրը, ավելի հստակ՝ Արարատյան դաշտի՝ Արաքսի աջ ափին գտնվող շրջանը Արարատի հենց ստվերում, որը երբեք չէր եղել Երևանի նահանգից և Հայաստանից դուրս տարածք:

Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի