Տևական դադարից հետո Նախիջան-Հայաստան սահմանին դիպուկահարի կրակոցից ՀՀ զինծառայող է սպանվել: Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակոցից մահացած պայմանագրային 26-ամյա Զոհրաբ Սիանոսյանը զոհվել է ՀՀ սահմանին՝ Արարատի մարզում՝ Երասխավանի սահմանի վրա: Այս մասին NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց Արարատի համայնքապետը:
Պայմանագրային զինծառայողը, որը Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղից էր, մահացել է կրծքավանդակին ստացած հրազենային վնասվածքից, ինչից կարելի է ենթադրել, որ կրակողը դիպուկահար է եղել:
Ուշագրավ է, որ կրակոցները Հայաստանի վրա հնչել են Նախիջևանից, որտեղ Ադրբեջանը վերջին տարիներին դիրքերի փոփոխություն էր կատարում:
«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը հիշեցրեց, որ Նախիջևանում արդեն տարիներ ի վեր տեղ է ունենում զենքի ու զորքի կուտակում, այդ թվում նաև՝ որոշ տեղերում դիրքերի փոփոխություն՝ առաջխաղացում:
«Դրանք այն դիրքերն են, որոնք իրենք առաջ են բերել և որտեղից ուղիղ նշանառության տակ կարող են վերցնել Երասխի, Վայոց ձորի ճանապարհահատվածը»,- NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ շարունակելով. «Ոչինչ իզուր չի արվում, հատկապես ռազմական գործում. Եթե առաջ են տվել դիրքերը և ծախս են արել, նշանակում է դա իմաստ ունի՝ հայկան դիրքերը, նաև՝ գյուղերն ու ճանապարհները դարձնել ավելի խոցելի»:
Պապյանը չի բացառում, որ նոր կրակոցներ լինեն, քանի որ Ադրբեջանն ավարտել է դիրքերի կապիտալ շինարարությունը ու այլևս շահագրգռված չէ, որ կրակոցներ չլինեն.«Չկա և չի կարող լինել որևէ պայմանավորվածություն, որն Ադրբեջանը պահի: Մարդիկ ասում են՝ մեր նպատակն է Երևանը գրավելը, ինչի՞ չեք ուզում հավատալ»: Նա չի բացառում նաև, որ Արցախում ընտրություններից առաջ սրացումներ լինեն սահմանին Արցախ-Ադրբեջան սահմանին:
Նրա խոսքով՝ նաև պիտի հաշվի առնենք, որ գնալով ուժեղանում է Թուրքիայի ազդեցությունը Նախիջևանի վրա: «Վերջերս շահագործման հանձնվեց Իգդիր-Նախիջևան գազամուղը: Արդեն հստակորեն բարձրաձայնվել են Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցման ծրագրերը: Հետևաբար, եթե նման ներդրումներ են կատարվում, դա չի կարող առանց հետևանքների անցնել: Մի օր պիտի կուտակված զենքը կրակի: Սա ցավոք, դրա նախանշաններից է»,-ասաց Պապյանը:
Մեր հարցին, թե այս դեպքում՝ ի՞նչ պետք է անի ՀՀ իշխանությունը, որի սահմանի ու զինվորի նկատմամբ ոտնձգություն է կատարվել, արդյոք պիտի դիմի ՀԱՊԿ-ին, քաղաքագետը պատասխանեց. «Բնականբար, պիտի ՀԱՊԿ-ից պահանջի եթե ոչ ուղղակի միջամտություն, ապա գոնե դատապարտում, որովհետև սա նաև ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտն է»:
Պապյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է նաև բարձրացնի ռուս-թուրքական քեմալա-բոլշևիկյան պայամանգրի հարցը. «Որովհետև Նախիջևանը որպես պրոտեկտուրանտ դրվեց Ադրբեջանի ենթակայության տակ Մոսկվայի պայմանագրով և հստակ գրվել է, որ դա պրոտեկտորատ է, Ադրբեջանի մաս չէ, որևէ երրորդ երկրի չի կարող տրամադրվել, այնինչ այսօր Թուրքիայի համար դարձել է պլազդարմ ՀՀ-ի դեմ»:
Մարինե Խառատյան
newarmenia.am