Սիրանույշ Պապյան
Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը
-Պարոն Գաբրիելյան, Իդլիբում ռազմական բախումների արդյունքում սրվել են ռուս-թուրքական հարաբերությունները։ Ռուսաստանը և Թուրքիան լուրջ բախման առա՞ջ են կանգնած։
– Որքան էլ որ իրավիճակն Իդլիբում թեժ է, չեմ կարծում, թե երկու երկրները լուրջ բախման առաջ են կանգնած։ Այդպիսի իրավիճակ կառաջանա, եթե Էրդողանը որոշի Թուրքիայի դրոշի ներքո թուրքական զորքի մասշտաբային ներխուժում իրականացնել Իդլիբում։ Դա թուրքական կողմի մեծ առավելությունն է Ռուսաստանի նկատմամբ․ եթե Էրդողանը համարձակվի սկսել նման գործողություն, ապա Ռուսաստանի համար բավական բարդ կլինի հարվածել Թուրքիայի դրոշով թուրքական զորքին։ Բանն այն է, որ այս օրերին Ռուսաստանն ունի մանևրելու հնարավորություն՝ ասում է, որ թուրք զինծառայողները չպետք է գտնվեին այնտեղ, ուր 33 զինծառայող զոհվեց։ Թուրքիան էլ պնդում է հակառակը, նշում է, որ իրենք Ռուսաստանին նախապես իրազեկել են իրենց զինծառայողների գտնվելու կոորդինատների մասին։ Այստեղ ես հակված չեմ հավատալ թուրքական կողմին և գտնում եմ, որ նա Ռուսաստանից գաղտնի իր զինծառայողների տեղաշարժեր է իրականացրել Իդլիբում, ռուսական կողմը բացահայտել է դա և հարվածել։ Այսինքն՝ քանի որ թուրքական կողմն իր զորախմբի տեղաշարժի մասին չի իրազեկել Ռուսաստանին, վերջինս հանգիստ հարվածել է տվյալ վայրում՝ քաջ իմանալով, որ այնտեղ գտնվում են թուրք զինծառայողներ, սակայն հայտարարելով, որ չի իմացել, թե այդ տարածքում գտնվում են թուրք զինծառայողներ։ Եվ, բացի այդ, Ռուսաստանն ընդգծում է, որ թուրք զինծառայողներն ընդհանրապես չպետք է գտնվեն Իդլիբում ստեղծված թուրքական մեկ տասնյակից ավելի դիտակետերից դուրս։ Սա նույնպես տրամաբանական է․ ինչո՞ւ պետք է թուրք զինծառայողները գտնվեն այլ վայրերում։ Կոնկրետ Իդլիբի նահանգում Թուրքիային թույլատրվել է զինծառայողներ պահել միայն այդ դիտակետերում և ոչ թե դրանցից դուրս։ Թուրքիան էլ հասկանում է, որ չափն անցել է և փորձում է ուղիղ առճակատման չգնալ Ռուսաստանի հետ, քանի դեռ լուծված չէ Իդլիբում օդային գերակշռության հարցը, որը Ռուսաստանի ձեռքում է և ունի վճռորոշ դեր։
Թուրքիան կշարունակի փորձել Բաշար Ասադի բանակին Իդլիբի նահանգում ելման դիրքեր հետ մղել առաջին հերթին իր հովանու ներքո գործող ահաբեկչական խմբավորումների և ոչ թե հենց թուրքական զորախմբի միջոցով։ Այդ տարբերակը նրան հնարավորություն կտա հնարավորինս խուսափել Ռուսաստանի հետ ռազմական բախումներից։ Եվ վերջապես, անհեթեթ կարելի է համարել, որ Ռուսաստանն ու Թուրքիան, որոնք բազում թելերով կապված են միմյանց, պատերազմեն իրար դեմ «ինչ-որ» Իդլիբի համար, որն, ըստ էության, առանցքային կարևորություն չունի երկու երկրների համար։ Իմ կարծիքով՝ խնդիրն այստեղ ավելի շատ Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդների հեղինակության, իմիջի մեջ է, և դրա համար էլ թե՛ Պուտինը, թե՛ Էրդողանը չեն ցանկանում զիջման գնալ։ Ակնկալում եմ, որ կողմերը արդյունքում կհանգեն փոխզիջման, Էրդողանը կարող է փրկել դեմքը, եթե Պուտինը համաձայնվի նրան թողնել Աֆրինին ու Հաթային հարակից Իդլիբի տարածքները (որպեսզի Բաշար Ասադի բանակը չմոտենա նրանց)։
– Թուրքիան ցուցադրել է Սիրիայից փախստականների՝ դեպի Եվրոպա ուղևորվելու կադրեր։ Ի՞նչ նպատակ է հետապնդում այս ցուցադրությունը, արդյոք սա ակնա՞րկ է Գերմանիային և Ֆրանսիային։
– Իդլիբում խոշոր կորուստներ կրելու ֆոնին Թուրքիան քարոզչական մակարդակում շարունակում է թեժ պահել փախստականների հարցը, ի ցույց դնել ԵՄ-ի նկատմամբ իր այդ «հաղթաթուղթը»։ Որոշակի առումով դա իհարկե ակնարկ է՝ հասցեագրած ԵՄ-ի առաջատարներ Գերմանիային ու Ֆրանսիային, որոնց առաջարկվում է չմնալ դիտորդի դերում և ակտիվորեն հանդես գալ Իդլիբում Ռուսաստանի հովանու ներքո Բաշար Ասադի անցկացրած ռազմական գործողության դեմ։ Թուրքիան եվրոպական երկրներին հայտարարում է, որ եթե այդ ռազմական գործողությունը չդադարեցվի, ապա փախստականների նորանոր ալիքներ կհորդեն Թուրքիա, որն էլ «չի կարողանա» միայնակ տանել այդ բեռը և «հարկադրված կլինի» բացելու երկրի դարպասները և չխոչընդոտելու Եվրոպա մեկնելու նրանց փորձերին։ Եթե Թուրքիան իսկապես մտահոգված լիներ փախստականների խնդիրներով, ապա նա Իդլիբում կատարած կլիներ Սոչիի համաձայնագրով իր պարտավորությունները, Իդլիբը առանց կռվի կթողներ Բաշար Ասադին։ Եվ ընդհանրապես, ինձ համար զավեշտալի է, որ թուրքական կողմը փախստականների հոսքի մասին հիշում է միայն այն ժամանակ, երբ նրանք Թուրքիա են գալիս Սիրիայի քրդերի զորաջոկատների ու Բաշար Ասադի բանակի գործողությունների հետևանքով։ Իսկ երբ 2014թ․ ահաբեկչական ԻՊ-ը գրավում էր Սիրիայի քրդերի բնակավայրերը, տիրում էր թուրք-սիրիական 911 կմ-անոց սահմանի 200 կմ-ին, երբ այդ ամենի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ էին փախչում Թուրքիա, վերջինս լուռ էր այդ կապակցությամբ։ Թուրքական կողմն այն ժամանակ ԻՊ-ին կոչ չէր անում, չէր սպառնում կամ չէր հարվածում սահմանային այդ շրջանները գրավելու և դրանով փախստականների մեծ հոսք առաջացնելու համար, որով մեծանում էր Թուրքիայի բեռը։
Ի դեպ, այն ժամանակ Թուրքիան կարող էր վարվել Իրանի նման (Իրաքում), այսինքն ԻՊ-ին զգուշացնել, որ նա իր սահմանին չմոտենա 40 կմ-ից ավելի, այլապես կհարվածի նրան։ Քանի որ ԻՊ-ը վայելում էր Թուրքիայի աջակցությունը, ուստիև նրա առաջացրած փախստականների ալիքն ընդունելի էր Թուրքիայի համար, ինչը չի կարելի ասել Սիրիայի քրդերի ու Բաշար Ասադի զորքերի գործողությունների հանգեցրած փախստականների ալիքի դեպքում։
– Էրդողանի Բաքու այցի շրջանակներում հայտարարվեց, որ Արցախի հիմնախնդիրը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի խնդիրն է, և այն պետք է լուծում ստանա Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքիշխանության շրջանակներում: Այս հայտարարությունից հետո Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնեց, որ Թուրքիան բացել է Նախիջևանի հետ սահմանը։ Կապ տեսնո՞ւմ եք այս հայտարարության և սահմանը բացելու միջև։
– Հայտնի է, որ Թուրքիան կորոնավիրուսի վտանգի պատճառով փակեց Նախիջևանի հետ սահմանը, որը հայտնվեց աննախանձելի վիճակում, քանի որ Իրանը վարվեց նույն կերպ։ Սակայն ադրբեջանական կողմը կարողացավ համոզել Բաքվում գտնվող Էրդողանին, որ Թուրքիան վերաբացի լիակատար մեկուսացման մեջ հայտնված Նախիջևանի հետ սահմանը։ Չեմ բացառում, որ իրականում այս ամենը թուրքական կողմի մարտավարությունն էր, որ նա սահմանի վերաբացման համար որևէ զիջում է ստացել ադրբեջանական կողմից։ Մենք տեսանք, որ Էրդողանի այդ այցը բավական արդյունավետ էր, քանի որ կողմերին հաջողվեց համաձայնագրեր ու հուշագրեր ստորագրել Թուրքիայի ու Ադրբեջանի միջև արտոնյալ ռեժիմով առևտրի, «Կարս-Իգդիր-Նախիջևան» երկաթգծի և «Իգդիր-Նախիջևան» գազատարի կառուցման վերաբերյալ։ Իսկ այդ երեք նախագծերի մասին խոսք էր գնում ավելի քան մեկ տասնամյակ առաջ, և հիմա կողմերին փաստորեն հաջողվեց լուծում տալ դրանց։ Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ Թուրքիան ակտիվացել է Նախիջևանի ուղղությամբ, ավելի է ամրապնդում այնտեղ իր դիրքերը, ավելի կախյալ է դարձնում այդ տարածքն իրենից, և ես հավատում եմ, որ Թուրքիան փորձելու է Ադրբեջանին համոզել, որ նա Նախիջևանը հանձնի Թուրքիային, ինչի դիմաց Թուրքիան էլ կփորձի Ռուսաստանի աջակցությամբ «Արցախը հանձնել» Ադրբեջանին։
lragir.am