Թուրքիան Նախիջեւանը պոկում է Ադրբեջանից

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Lragir.am

Թուրքիայից Նախիջեւան թռիչքների համար Հայաստանի օդային տարածքն օգտագործելուց հրաժարվելը քաղաքական հարցերի հետ կապված չէ, ասել է Հայաստանի Քաղավիացիայի ներկայացուցիչ Գալուստ Պողոսյանը՝ մեկնաբանելով դեպի Նախիջեւան թռիչքների համար Հայաստանի օդային տարածքից չօգտվելու մասին Թուրքիայի որոշումը:

«Թուրքիան նոր մայրուղի է բացել այդ հատվածով, որն իր օդային տարածքում է և թռիչքներն այդ ուղիով են անցնելու: Նշեմ, որ խոսքը շաբաթական մեկ չվերթի մասին է: Այն Հայաստանի օդային տարածքով էր անցնում ու գնում էր Նախիջևան, հիմա ավելի օպտիմալ տարբերակ են ընտրել, որը, բնականաբար, իրենց ծախսերը կնվազեցնի ու ավելի կարճ կտևի թռիչքի ընդհանուր տևողությունը», ասել է կոմիտեի ներկայացուցիչը:

Ադրբեջանա-թուրքական սահմանը, որի երկարությունն ընդամենը 13 կմ է, անցնում է Արաքս գետով և գտնվում է Նախիջեւանի ինքնավար հանրապետության հյուսիս-արեւմուտքում: Այդ միջանցքը հայտնվել է 1930-ականներին, երբ Թուրքիան ու Իրանը փոխանակվել են տարածքներով: Իրանը հրաժարվել է Արարատի շրջակա տարածքներից Քուրդիստանում տարածքների դիմաց:

Ինչու՞ է Թուրքիան, որը երկար տարիներ թռիչքներ է իրականացրել Հայաստանի ու Իրանի օդային տարածքով, հանկարծ հիշել Նախիջեւանի հետ կապող միջանցքի մասին: Հիշեցնենք, որ այդ միջանցքի լայնությունը 13 կմ է:

Նախիջեւանը 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերով անցել է Ադրբեջանին: 100 տարի առաջ Թուրքիան ու Հայաստանը պատերազմել են Նախիջեւանի համար: Հայաստանը երկու անգամ ամրապնդվել է այնտեղ եւ հայտարարել իր մասը: Նախիջեւանն Ադրբեջանին է բաժին հասել ռուս-թուրքական պայմանագրի ու բրիտանացիների աջակցությամբ:

Քաղաքագետները Նախիջեւանի կարգավիճակն ու դրա պատկանելությունն Ադրբեջանին շատ խոցելի են համարում: Եթե տարածաշրջանում տեկտոնական տեղաշարժեր սկսվեն, առաջին «զոհը» Նախիջեւանն է լինելու: Թուրքիան, ըստ երեւույթին, զգում է դա եւ փորձում է ապահովագրվել:

2017 թվականին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի անվտանգությունն սկսվում է Բաթումիից, Նախիջեւանից, Բալկաններից եւ Հալեպից: Դրանից հետո Թուրքիան բացահայտ ամրապնդվում է Նախիջեւանում՝ փաստացի այնտեղ զորք տեղակայելով համատեղ զորավարժությունների ու ստորաբաժանումների անվան տակ:

Ադրբեջանին առանձնապես դուր չի գալիս Թուրքիայի այդ համառությունը, եւ պատահական չէ, որ արդեն երկար տարիներ Բաքուն հրաժարվում է Թուրքիային անվիզա ռեժիմ տրամադրել: Միայն վերջերս է համաձայնվել Թուրքիայի քաղաքացիներին անվիզա ռեժիմ տալ, այն էլ 30 օրով: Բաքուն չի թաքցնում, որ վախենում է էքսպանսիայից, նաեւ հաշվի է առնում նաեւ Իրանի կարծիքը:

2012 թվականին Թուրքիայի եւ Ադրբեջանի բանակցությունները վիզայի ռեժիմն ամբողջությամբ չեղարկելու վերաբերյալ ձախողվել էին Իրանի դիրքորոշման պատճառով: Լրատվամիջոցները գրում էին, որ Իրանը վերջնագիր է ներկայացրել Բաքվին. «Եթե Բաքուն չեղարկի վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար, նույնը պետք է անի Իրանի քաղաքացիների համար, հակառակ դեպքում Իրանն Ադրբեջանը կզրկի Նախիջեւանի հետ կապի հնարավորությունից»:

Թուրքիայի որոշումը՝ օգտվել Իրանի տրամադրած նեղ միջանցքից, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ վիզային ռեժիմի չեղարկումը կարող է վկայել, որ Անկարան որոշել է իրեն կապել Նախիջեւանը առանց Բաքվին ու Թեհրանին նայելու: