Մեր զրուցակիցն է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը
Պարոն Շիրինյան, Նախիջևանի կողմից կրակոցներ են հնչում։ Նույն ընթացքում հայկական երկու պատվիրակություն գտնվում է ԱՄՆ-ում։ Ձեր կարծիքով՝ ԱՄՆ-ը պե՞տք է արձագանքի սրան, թե ոչ։
ԱՄՆ-ն կարձագանքի, թե ոչ, կդժվարանամ ասել, որովհետև իրենք հիմա շատ բարդ խնդրի մեջ են մտել։ Հիմա առևտուրը Թուրքիային գնելու մեջ է։ Ռուսաստանը, փաստորեն, Թուրքիային տարավ դեպի իրեն, ու դա ԱՄՆ-ին դուր չեկավ։ Այս իրավիճակում իրենք շեղող հարվածներ են անում, իսկ թուրքերը լավ գիտեն, որ խառնակ ժամանակներում դա հեշտ է։ Ցեղասպանությունը թուրքերն իրականացրին առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Հիմա Ռուսաստանի հետ պետք է համագործակցել, որովհետև Նախիջևանը 1921 թվականին մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի հետ կապ ունի։ Ըստ այդմ՝ ռուսները երաշխավոր են Նախիջևանի պրոտեկտորատին, բայց երբ այդտեղ առաջին անգամ թուրքական զորամաս էր մտել, հայկական կողմից աղմուկ չբարձրացվեց և պահանջ չդրվեց Ռուսաստանին, որ որպես դաշնակից իր պարտավորությունները կատարի։ Այն ժամանակ չարեցին, իսկ արդյունքները շղթայական ռեակցիայով են գործում։
Այս պարագայում խնդիրը շատ հստակ է, երկիրը պետք է արդիականանա, պլուտոկրատական իշխանությունը պետք է մինչև վերջ ոչնչանա, նաև ֆիզիկապես։ Եթե դիմադրություն լինի, պետք է մինչև վերջ անզիջում կանգնել, իսկ եթե խաղի գնանք, տանուլ կտանք։ Պետք է կամք դրսևորել։
Հայտարարում են, որ լռեցրել են, բայց ոչ թե պետք է լռեցնել, այլ մեծ ավերածություն անել, մեկին տասը պատասխան տալ է պետք։ Նախկին սերժական տակտիկան սխալ է։ Հիմա դեռ հին կոնցեպցիայի մեջ ենք՝ իրենք խփեն, մենք պատասխանենք։ Դա արդյունքի չի բերում, որի վկայությունն ապրիլյան պատերազմն է։ Եթե նրանք խփում են, պետք է տասը անգամ ուժեղ պատասխան ստանան։ Հին սերժական տակտիկան սխալ է, որ մտածում էին՝ մեր երեխեքը ճակատում չեն, իրենց համար ֆռֆռում են, ու եթե մեզ խփեն, մենք կպատասխանենք։ Դա անթույլատրելի մարտավարություն է և տանում է պատերազմի։ Մի անգամ էլ թող մերոնք սկսեն, ինչո՞ւ ենք սպասում, որ այնտեղից կրակեն, մենք էլ արձագանքենք կամ չարձագանքենք։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու այդպես չենք անում։ Չի՞ լինի մի անգամ մենք խփենք, իրենք ստիպված լինեն պատասխանել։ Եթե կանխարգելիչ պատերազմ է, կանխարգելիչը դա է նշանակում։ Սերժական մոտեցումը տանում է ջախջախման։
Այս ամենը տեղի է ունենում C-400 համալիրների Թուրքիային մատակարարելու ֆոնին։
Ես հենց դա եմ ասում, որ խառնակ ժամանակ է։ Թրամփը մի տեսակ ներողություն խնդրելով հրաժարվում է օդանավերի մատակարարումից։ Ասում է՝ էստեղ սխալ կա, նույնիսկ իրենք իրենց են քննադատում, իսկ թուրքերը խառնակ ժամանակներում գործ անելու վարպետ են։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը փորձում են դեպի իրենց քաշել Թուրքիային։ Մենք էլ պետք է նախահարձակ լինենք, որովհետև այդ խառնակ ժամանակներից մենք էլ պետք է օգտվենք, բայց միշտ գլուխներս թաքցնում ենք այդ պահերին։ Դավիթ Տոնոյանը որ ասում էր ստրատեգիայի փոփոխության մասին, դա պետք է մշակված լինի։ Դրա համար պետք է անզիջում լինել։ Բայց այդ բոլորը կարող է երկրի ներսում ապակայունություն առաջացնելու խնդիր դառնա, որովհետև նորմալ պետության կառուցումը ձեռնտու չէ պլուտոկրատական իշխանությանը։ Բայց մենք պետք է համարժեք լինենք իրավիճակին, և հիմա արդեն մեկ գյուղ պետք է ոչնչացված լիներ մեր կողմից։ Թուրքիան հիմա խրված է իր գործերի մեջ և ակտիվություն չի ցուցաբերի։ Թող մերոնք խփեն մի գյուղ ավերեն։
Մյուս կողմից, տեսնում ենք ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ։ Դա ինչպե՞ս եք գնահատում։
Դրանք չափավոր պատժամիջոցներ են խուժանին կարգի բերելու համար։ Ես կարծում եմ՝ իրենք դրանից ավելի առաջ չեն գնա, որովհետև եթե առաջ գնան, Ռուսաստանը գիրկը բաց կընդունի Թուրքիային։ Հիմա թուրքերը ակտիվ գործում են, վիճակ են առաջացնում Նախիջևանում, որովհետև Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն դժվար թե իրենց գրկից բաց թողնեն Թուրքիային, ռուսներն էլ կլանեն։ Մենք հիմա պետք է ակտիվ լինենք, բանակը պետք է իր գործն անի, բայց մեր ձեռք ու ոտքը կապված են ներքին խնդիրներով։ Քոչարյանականները երկիրը խրեցին անլուծելի հանգույցի մեջ։ Բայց դա կապ չունի, վարչապետը կարող է մոբիլիզացիոն վիճակ հայտարարել, և բոլոր այն ուժերը, որոնք Հայաստան են ուզում, պետք է ոտքի կանգնեն։ Այդ դեպքում մենք չենք տուժի։
Իսկ նրանք որևէ շանս ունե՞ն հաջողության հասնելու։
Վերադարձի շանս չունեն, բայց այսպիսի իրավիճակ ստեղծելու ունեն։ Իրենք իրենց գործողություններով Հայաստանի պետականությանը պարտադրում են սիտուացիոն քաղաքականություն վարել, ոչ թե ստրատեգիական հարցերի լուծում։ Իսկ դա մեծ աջակցություն է Ադրբեջանին։ Քոչարյանականները դա անում են իրենց կաշին, իրենց թալանածը փրկելու համար։ Դրա համար էլ իրենց գործողությունները ձեռնտու են Ադրբեջանին, նրանք դաշնակիցներ են։
Հիմա կարո՞ղ ենք ասել, որ ռուս-թուրքական և թուրք-ամերիկյան հարաբերությունների ճշգրտման փուլն է։
Այո, Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա հարաբերությունների ճշգրտման փուլն է։ Ընդ որում Թուրքիան ամերիկյան ճամբարից է, բայց թեքվում է դեպի Ռուսաստան։ Եթե սա երկար տևի, Չինաստանն ու ԵՄ-ն իրենց խոսքը կասեն։ Դա չի նշանակում, որ պետք է լռել, հիմա իրադրությունը նաև շահելու վիճակի մեջ է։ Դրա համար մերոնք պետք է խփեն։ Հատկապես, որ ռուս-թուրքական այդ պայմանագրի 100-ամյակն է մոտենում, մենք պետք է այսօրվանից փաստաթղթային և այլ առումներով ամբողջովին պատրաստենք Նախիջևանի փաթեթը՝ չնայելով, թե ով ինչ շահ ունի։
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Lragir.am