Ձմռանը, չկարողանալով ապահովել մատակարարումները, հակառակորդը անցյալ տարվա գործողություններից հետո Նախիջևանի հատվածում՝ Հունուտ գյուղի ուղղությամբ չի կարողացել մի քանի հենակետ ամրացնել:
Այս մասին մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանում առաջնագծում իրավիճակին, ասել է ՀՀ ՊՆ հինգերորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանը։
Փիլոյանը նշեց, որ ամեն տարի և՛ հակառակորդի, և՛ մեր կողմից տարվում են դիրքերն առաջ տալու աշխատանքներ։ Ըստ նրա՝ միայն երկու օր առաջ ադրբեջանական կողմը փորձել է միջտարածությունում դիրքերը բարելավել, բայց հայկական կողմը թույլ չի տվել։ Գնդապետը հավելեց, որ այժմ իրավիճակն ավելի հանգիստ է, կրակոցներ կան, բայց դրանք հիմնականում և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմի ինժեներական աշխատանքների հետ են կապված։
Հիշեցնենք, որ նախորդ տարի, արբանյակային լուսանկարների ուսումնասիրությամբ, հայտնել էինք որ հակառակորդը առաջացել էր 3 ուղղությամբ, այդ թվում՝ նաև Հունուտ գյուղի, որտեղ մի քանի տեղում կատարել էր դիրքավորվելու նախապատրաստական աշխատանքներ: Այն ժամանակ նախապատրաստությունը ենթադրում էր ինժիներական աշխատանքներ, ճանապարհների բացում և առանձին տեղերում հողով լցված պարկերի միջոցով կրակակետերի հիմնում: Դատելով գնդապետի խոսքից՝ առնվազն մի քանիսում ադրբեջանական կողմին չի հաջողվել հենակետ ամրացնել:
https://razm.info/135778