Ագուլիսի եղեռնից մեկ դար անց

1988 թ. ադրբեջանցի ելուզակները Ցղնա գյուղից արտաքսեցին վերջին մի քանի տասնյակ հայ բնակիչներին

Այս տարվա դեկտեմբերի 24-25-ին լրանում է հայոց պատմության ողբերգական իրադարձություններից մեկի՝ Ագուլիսի եղեռնի 100 տարին։ Մեկ դար առաջ օսմանյան զորքը եւ նրան միացած ադրբեջանցի զինված խառնամբոխը հիմնահատակ ավերեցին ու հրո ճարակ դարձրին Գողթն—Նախիջեւանի հիասքանչ ոստան Ագուլիսը։
Հայ մշակույթի նշանավոր այս կենտրոնի անվան առաջին հիշատակությունը վերաբերում է 11—րդ դարին՝ Արգուլիք ձեւով, բարբառով անվանվել է Ըգյուլիս, Յուգյուլիս, ստուգաբանվում է որպես «այգիներով լի», «ե՛կ, լո՛ւյս», «աչքի լույս» եւ այլն։
Գողթնի բազմագույն լեռների ժայռոտ լանջերին փռված տասը թաղեր ընդգրկող Ագուլիսը 17—րդ դարում ունեցել է 8000 տուն հայ բնակիչ, սալահատակ փողոցներ, երկհարկանի եւ եռահարկ տներ, արական եւ իգական դպրոցներ, գրադարան, մեծ շուկա, մետաքսի գործարաններ, բազմաթիվ արհեստանոցներ, տասներկու վանք ու եկեղեցի։ Սուրբ Թովմա Առաքյալի հռչակավոր առաջնորդանիստ վանքի որմնանկարների հեղինակը Նաղաշ Հովնաթանն է եղել, իսկ տեղի դպրոցներում դասավանդել են Րաֆֆին եւ Պերճ Պռոշյանը։ Վաճառաշահ այս ավանի վաճառականները առեւտրական սերտ կապերի մեջ են եղել Եվրոպայի եւ Ասիայի բազմաթիվ երկրների հետ։ Ագուլիսից սերված հայ նշանավոր մտավորականների համաստեղության թվում են Ավետիք Արասխանյանը, Քրիստափոր Միքայելյանը, Աշոտ Մելիք—Մուսյանը, Պողոս Մակինցյանը, թատերական գործիչներ Լեւոն Քալանթարը, Միքայել Մանվելյանը, դերասաններ Գուրգեն եւ Կարեն Ջանիբեկյանները, Էդգար եւ Արմեն Էլբակյանները, նկարչուհիներ Լավինիա Բաժբեուկ—Մելիքյանը, Գայանե Խաչատրյանը, Լուսիկ Ագուլեցին եւ շատ—շատերը։
Ագուլիսում անցյալ դարասկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին է մասնավորապես վկայում ծնունդով ագուլիսցի, Պրահայի եւ Թեհրանի համալսարանների պատմագիտության եւ փիլիսոփայության դոկտոր, Ագուլիսի եղեռնի ականատես Հովհաննես Հախնազարյանը (1900—1978) իր «Գողթան գաւառ. Ագուլիսի եւ շրջակայ գիւղերի եղեռնը» փաստագրական հուշագրությամբ (Անթիլիաս, 1987, Թեհրան, 1991). «Դեկտեմբերի 24—ի առաւօտեան ուղղակի սեւացել էին Օրդուբադից եւ նրա մօտակայ գիւղերից դէպի Ագուլիս ձգւած ճանապարհները։ Հազարաւոր թուրքեր, բեռնակիր անասուններն իրենց առջեւը գցած ու մինչեւ ատամները զինւած, շտապում էին դէպի Ագուլիս, այս անպաշտպան աւանը՝ աւարի, կողոպուտի ու արեան անյագ ծարաւով։ Գիւղաքաղաքի՝ շուրջ երկու հազարի հասնող սարսափահար եւ այլեւս իրեն կորցրած ժողավուրդը, ունեցած—չունեցածը թողնելով ներս խուժող մարդակերպ գազաններին, աշխատեց փրկություն գտնել կենտրոնական թաղամասում, որտեղ ինքը՝ Էդիֆ բեյն էր իր ասկեարներով ու ոստիկաններով։
Երեկոյեան ժամը 9—ին արդեն թուրք կողոպտիչներն ու աւերող ամբոխը լցւել էին ծայրամասերի թաղերը եւ միմեանց ետեւից կոտրելով տների դռները՝ խուժում էին ներս, սպանում հիւանդ, ծեր եւ կամ փախչել չկարողացած բնակիչներին, կողոպտում, բարձում իրենց անասուններին, ապա հրդեհում տունը… Երեխաների եւ կանանց լացն ու վայնասունը գնալով շատանում էր եւ կարող էր ոստիկանների ու տաճիկ զինւորների ուշադրութիւնը գրաւել։ Մենք էլ ուշանում էինք, արդեն կէսգիշերը մօտենում էր։ Այլ ճանապարհ չունէինք, քան լեռն ապաստանել եւ Ցղնա գնալ… Թերեւս միայն քսան—քսանհինգ քայլ էր մնացել, որ հասնենք լեռան գլուխը, երբ միանգամայն անակնկալ կերպով լեռնագլխին դարանակալ թուրքերը տասնեակ հրացաններից սոսկալի կրակ բացեցին եւ շղթայ կապած, շարունակ կրակելով, մեզ վրայ յարձակւեցին։
Գրիչս անզօր է նկարագրելու այն ահաւոր խուճապը, որ ստեղծւեց ահաբեկւած ու սարսափահար ժողովրդի մէջ։ Անցել են շուրջ վաթսուն երկար տարիներ այս ճակատագրական գիշերւանից, բայց մինչեւ այժմ էլ ականջիս հնչում է այն ճիչն ու աղաղակը, օգնության կանչերը, մարդկանց աղեխարշ լացը… Հայրս ու մայրս անձայն գետին տապալւեցին, քոյրս ու եղբայրս, խառնւելով մարդկանց հետ, լեռան թեք լանջից ներքեւ գլորւեցին։ Ինչպէս ինձ գնդակ չդիպաւ, չեմ կարող բացատրել։ Ես անմիջապէս գետնին պառկեցի, ու այնպիսի խոր յուսահատութիւն պատեց ինձ, որ մի վայրկեան ատրճանակիս խողովակը քունքիս ուղղելով՝ ուզեցի ինքնասպանութիւն գործել։ Եւ այդ ոչ թէ նրա համար, որ վախեցայ այդ ստոր գազանների ձեռքն ընկնելուց, այլ աւելի ճիշտ այն տմարդի դավադրութեան համար, որին ականատես եղայ…»։
Մեր ժողովրդի պատմության այս ողբերգական դրվագին անդրադարձել են հայ եւ օտարազգի բազմաթիվ պատմաբաններ ու հուշագրողներ, որոնց թվում՝ նաեւ արդեն Այլիս դարձած Ագուլիսում ծնված ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» հայտնի վեպ—ռեքվիեմում։ Մարդասեր գրողը, որ տարեց ադրբեջանցիներից լսել էր Ագուլիսի ողբերգության մասին, մեր օրերում տեսել նրա եկեղեցիների ու վանքերի ավերումը եւ այդ ամենի մասին բարձրաձայնել իր վեպում, ճշմարտությանն առերեսվելու համար իր երկրում պետական մակարդակով հալածանքների ու նվաստացումների ենթարկվեց։ Ահա Այլիսլիի վեպի՝ Ագուլիսի սահմռկեցուցիչ դեպքերի նկարագրության հատվածը.
«…Այլիսում այդ ժամանակ դեռ միջին տարիքի շատ մարդիկ էլ կային, որոնք իրենց աչքով տեսել էին Այլիսի հայերի ահավոր ջարդը։
Այդ ջարդի մասին ամեն մեկն իր ձեւով էր պատմում՝ ելնելով մարդու եւ մարդկայնության սեփական ըմբռնումներից։ Այնուամենայնիվ, այդ դեպքերի ականատեսներից ոչ մեկը չէր թաքցնում տեսածը։ Տարբեր մարդկանց պատմություն—ներում հավաստիորեն տեղ էին գտնում միեւնույն փաստերը։ Մարդկանց կարծիքները, թե ինչպես է սկսվել այդ ամենը, ինչպես է ավարտվել, լիովին համընկնում էին։
Այսպես էր եղել. որպեսզի Այլիսի հայ բնակչությունը նախապես ոչնչի մասին չկռահեր, Էդիֆ բեյի երեսուն—քառասուն թուրք հեծյալներ վաղ առավոտից շրջել էին բոլոր տները՝ ե՛ւ հայերի, ե՛ւ մահմեդականների, ու հայտարարել, որ այդ օրը զինադադար է հայտարարվելու, որի համար բոլորն անհապաղ պետք է հավաքվեն այսինչ հայի բակում։ Հենց պայմանավորված վայրում ժողովուրդը հավաքվեց, թուրք զինվորները մահմեդականներին բաժանեցին հայերից եւ նրանց շարք կանգնեցրին բակի տարբեր կողմերում։ Հանկարծ ինչ—որ տեղից բարձրագոչ հրաման լսվեց. «Կրա՜կ», եւ բոլոր կողմերից բակը շրջապատած թուրք զինվորները փամփուշտների կարկուտ տեղացին հայերի վրա։ Շատերն անմիջապես զոհվեցին, ողջ մնացածների՝ մինչեւ վերջին մարդու, կոկորդները դաշույնով կտրեցին կամ սվինահարեցին։ Նրանց, ում հնարավոր էր միանգամից բակում եւ այգում թաղել, հոր փորեցին ու թաղեցին։ Ում համար տեղ չգտնվեց բակում եւ այգում, լցրեցին մոտակա տների գոմերն ու մարագները, այրեցին։ Մահմեդական կանայք, որոնք այդ օրը նույնիսկ չհամարձակվեցին տնից դուրս գալ, հետագայում այսպես էին նկարագրում տեղի ունեցածը. «Բոլոր առուներում ջուրը մի ամբողջ շաբաթ արյունից կարմրել էր»։ «Էդիֆ բեյը ագռավի նման սեւ ձի ուներ։ Էդիֆը ձիու վրա էր՝ տան դարպասի մոտ։ «Կրա՜կ» բղավելով՝ նա ձիուն մտրակեց ու սլացավ։ Եվ իսկույն գնդակների անձրեւ թափվեց, թվում էր՝ երկինքը փուլ է գալիս, վերեւից մոխիր է թափվում։ Այնպիսի աղաղակ բարձրացավ, որ երբեք ոչ ոք չէր լսել աշխարհի արարումից ի վեր։ Միանգամից բակերի բոլոր շները ոռնացին։ Կռավեցին ծառերի բոլոր ագռավները։ Վախեցած կաչաղակներն ու աղավնիները միանգամից անհետացան գյուղից, թռան՝ թաքնվելու սարերից այն կողմ։ Թվում էր, դժոխքը բացվել է, արեւը ուր որ է կփլվի երկրի վրա…»։
Այս իրադարձությունների հետ է կապված նաեւ մեծանուն հայագետ Հրաչյա Աճառյանի «Քննութիւն Ագուլիսի բարբառի» ձեռագրատիպ ուսումնասիրության (Երեւան, 1935) բարբառային նմուշների բաժնում զետեղված՝ Ագուլիսի բարբառով (զոկերենով) գրված մի բանաստեղծություն. «Սույն ոտանաւորը գրուած է հայ—թրքական ընդհարումների տպաւորութեան տակ, նախաբանում գրում է Հ. Աճառյանը։ Թէեւ պարունակում է որոշ ազգայնական մտայնութիւն, բայց բարբառի համար շատ բնորոշ լինելով՝ աւելորդ չենք համարում արտատպել այստեղ»։
Այդ օրերին ընդամենը մեկուկես տասնամյակ էր անցել Ագուլիսի հրեշավոր եղեռնից, սակայն «ազգայնականի» վտանգավոր պիտակից երկյուղած ականավոր լեզվաբանը բնականաբար խիստ զգուշավորությամբ է տեղադրել Հարություն Թումանյանի «Միր հըգյադառձ վաթանը» («Մեր հոգեդարձ հայրենիքը») վերնագրով սրտառուչ բանաստեղծությունն իր նշանավոր բարբառագիտական աշխատանքներից մեկում։
Ժամանակի ճանաչված գրող եւ մտավորական Հարություն Թումանյանը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ոչ միայն ազգանվանակիցն ու գրչակիցն է եղել, այլեւ հասակակիցը. ծնվել է նույն՝ 1869 թվականին, Գողթն գավառի Ագուլիս ավանում, որպես ուսուցիչ աշխատել եւ ստեղծագործել է Թիֆլիսում։
Հարություն Թումանյանն այնքան ճանաչված է եղել, որ նրա անուն—ազգանվան կրճատ տարբերակը Թիֆլիսի պարբերականներում եւ հրատարակված գրքերում տպագրվել է «Յար. Թումանեան» ձեւով, իսկ Հովհաննես Թումանյանինը՝ «Յովհ. Թումանեան»։
Հարություն Թումանյանը ստեղծագործել է ոչ միայն գրական հայերենով, այլեւ իր մայրենի բարբառով, որը խոսվել է Գողթն գավառի Վերին Ագուլիս ավանում, Ներքին Ագուլիս, Ցղնա, Տանակերտ, Քաղաքիկ, Հանդամեջ, Դիսար գյուղերում։ Հինավուրց այս բարբառը վերջնականապես մարեց 1988 թվականին, երբ ադրբեջանցի ելուզակները Ցղնա գյուղից արտաքսեցին վերջին մի քանի տասնյակ հայ բնակիչներին։
Հարություն Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է Ագուլիսի մեծ ողբերգությունից ամիսներ առաջ՝ կանխազգալով բարդ եւ հակասական իրադարձություններով լի այդ ժամանակներում հայրենի եզերքի մոտալուտ կորուստը։ Այն առաջին անգամ հրապարակվել է 1919 թվականին՝ «Զօկի ճրօյգը» պարբերականում եւ, ցավոք, այսօր էլ առավել քան արդիական է, քանզի պատմական դաժան ճակատագրի բերումով արդեն հիմնովին հայաթափված եւ ամայացած հայոց նվիրական Գողթն գավառի հիասքանչ մարգարիտ Ագուլիսը արդեն մեկ դար երկու խղճուկ ադրբեջանաբնակ գյուղի է վերածված…

Հարություն Թումանյան
Մեր հոգեդարձ հայրենիքը

Ահերի մեջ, մահերի մեջ
Մեր հայրենիքն է լալիս,
Չկա մեկը, որ ձեռք մեկնի,
Սեւ լուրեր են մեզ գալիս։

Շուռ է եկել, իսպառ ծռվել
Մեր աշխարհի ոլորքը.
Թշնամին է եկել լցվել
Մեր ազգի չորս բոլորը։

Աչքալույսի, ավետիսի,
Նորոգ կյանքի գարունքին
Սեւ մշուշ է, թուխպ է եկել
Դիզվել Հայոց երկնքին։

Ոսոխն եկել, մեզ թալանում,
Մեր օջախն է ավերում,
Հայի ճրագն է հանգցնում,
Հողն արյունով է ներկում։

Մեզ կյանք տվող, մեզ շունչ տվող
Զոկստանը մեռնում է,
Ո՞ւր եք, ո՞ւր եք դժբախտ զոկեր,
Շուտ հասեք դուք, մեռնում է։

Ագուլիսի եղեռնից ընդամենը երեք ամիս անց՝ 1920 թվականի մարտի 22—26—ին, թուրք—ադրբեջանական ելուզակները միեւնույն եղեռնագործ ձեռքերով այս անգամ ավերեցին Արցախի պարծանք, հայ մշակույթի նշանավոր կենտրոն Շուշին, որտեղ զոհերը տասնյակ հազարների հասան։ Սակայն եթե այսօր ավերակներից կրկին հառնում եւ նոր կյանքով է ապրում հայոց ազատագրված Շուշին, ապա գերված Ագուլիսը դեռեւս տառապում է օտարի կրնկի տակ, իսկ նրա ավեր վանքերի ու եկեղեցիների՝ հողին հավասարեցված բեկորները շունչ ու հոգի առած՝ կարոտով սպասում են իրենց օրինական տերերին…

Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Բ.գ.թ
//www.hhpress.am/