Նախիջևանին մոտ թուրքական զորամասերը և հնարավոր ռիսկերը

Հայկական մամուլում և փորձագիտական շրջանակներում ժամանակ առ ժամանակ լինում են «Նախիջևանում թուրքական ռազմաբազայի առկայության, կամ դրա հնարավոր տեղակայման » մասին խոսակցություններ ու քննարկումներ:

Նախիջևանի առանձին համազորային բանակի կազմավորումից (2013 թ. աշուն) ի վեր հավաքված մեր տվյալները և դրանց համադրումը խոսում են այն մասին, որ Ադրբեջանն այս պահին կարիք չունի Նախիջևանում թուրքական ԶՈւ մշտական ներկայության, քանի որ Հայաստանի հետ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում սահմանին մոտ տեղակայված թուրքական ստորաբաժանումները կարող են ներգրավվել «նախիջևանյան ճակատում» ևն:

Կա՞ արդյոք Նախիջևանում թուրքական ռազմաբազա

Բաց աղբյուրների հետազոտությամբ զբաղվողների համար Նախիջևանը «ամենահաճելի վայրերից» չէ՝ պայմանավորված տեղեկությունների խիստ սակավությամբ, ինչպես նաև տեղի ֆեոդալական կարգերի խստությամբ: Այնուամեյանիվ տարբեր աղբյուրների համադրմամբ հնարավոր է հասկանալ Նախիջևանի առանձին համազորային բանակի կառուցվածքը, զորամասերի տեղակայման վայրերը ևն: (Այդ հարցին մանրամասն անդրադառնալու ենք «Ռազմաքաղաքական հանդեսի» գալիք համարում, որը նախատասում ենք հրապարակել ս.թ. մարտի վերջին):

Ելնելով մեր ունեցած տվյալներից՝ կարող ենք ասել, հայտնի բոլոր զորամասերը պատկանում են Նախիջևանի բանակին և ինքնավար հանրապետության ուժային այլ կառույցներին:

Հավանականությունը, որ կլինեն մեզ դեռևս անծանոթ բազաներ երբեք չենք կարող բացառել, սակայն այդ հավանականությունը մեծ չենք համարում:

Նախիջևանում կա՞ թուրքական ռազմաբազայի անհրաժեշտություն

Եթե հարցը դիտարկենք ռազմական անհրաժեշտության և Նախիջևանի հատվածը ամրացնելու տեսանկյունից, ապա կարծում ենք, որ նման անհրաժեշտություն այս պահին չկա։ Նախ՝ Նախիջևանն ինչ-որ իմաստով ծուղակ է և առանց խիստ անհրաժեշտության այնտեղ զորախումբ տեղակայելը այսպես թե այնպես բավականին վիճելի որոշում կլիներ հենց Թուրքիայի տեսակետից։

Բացի այդ, հնարավոր ռազմական գործողությունների դեպքում, եթե անգամ անհրաժեշտություն առաջանա, Թուրքիայի բանակի ստորաբաժանումները 30-40 րոպեում կարող են անցնել Նախիջևան և հայտնվել Սադարակի թիկունքում: Ի դեպ, Թուրքիայի տարածքում 2017-ից կառուցվել է նաև նոր այլընտրանքային, ռոկադային (զուգահեռ) ճանապարհ, որը, կարծում ենք, հենց հնարավոր զորաշարժերի համար է (տե՛ս ստորև):

Բացի այդ բազայի տեղակայման համար կա նաև քաղաքական խոչընդոտ։ Ինչպես նշեցինք, Նախիջևանում բավականին խիստ ֆեոդալական կարգեր են։ Անգամ ավելի խիստ, քան «մայրցամաքային» Ադրբեջանում։ Այս պայմաններում ուղղակի անհնար է պատկերացնել, որ Իլհամ Ալիևը կամ Վասիֆ Թալիբովը (Նախիջևանի մեջլիսի ղեկավարը և Նախիջևանի փաստացի ղեկավարը) կարող են իրենց տարածքում հանդուրժել այլ երկրի զինուժի գոյություն։ Ուստի առանց հստակ, անհերքելի փաստերի Նախիջևանում թուրքական զինուժի տևական ներկայության մասին խոսել չենք կարող։

Թուրքական ի՞նչ ստորաբաժանումներ են տեղակայված Նախիջևանին մոտ

Սահմանի այդ հատվածում տեղակայված է Բայազեթ քաղաքի 1-ին մեխանիզացված բրիգադը, և այդ բրիգադի ենթակայությամբ գործող 5-րդ սահմանապահ գունդը:
5-րդ սահմանապահ գնդի շտաբը և ռեզերվը տեղակայված են Իգդիր քաղաքում, իսկ գումարտակները և վաշտային հենակետերը բաշխված են ՀՀ և Իրանի սահմանների երկայնքով: Մեր գնահատականներով հենց այս գնդին է վերապահված Արմավիրի մարզից մինչև Նախիջևան, Նախիջևանից մինչև Բայազեթի հարավ ընկած Իրանի հետ սահմանների անվտանգության ապահովումը: Սահմանապահ գնդի գումարտակներից Նախիջևանին ամենամոտն են Արալիկի գումարտակը և Սիսի լանջին տեղակայված՝ Գյոքայի 4-րդ գումարտակը:
Ըստ մեր դիտարկումների՝ այս ստորաբաժանումները հիմնականում հագեցած են «Կոբրա», «Քիրփի» զրահամեքենաներով, ըստ էության թեթև մոտոհրաձգային ուժեր են: Այլ է պատկերը մի փոքր դեպի արևելք՝ Իրանի սահման, որտեղ նույն 5-րդ սահմանապահ գնդի վաշտային հենակետերում տեղակայված են տանկեր, ինքնագնաց և քարշակվող հրետանի:
Կարծում ենք, որ սահմանապահ ստորաբաժանումների տանկերով, հրետանային միջոցներով հագեցվածությունը պայմանավորված է քրդական վտանգով, քանի որ այս հատվածում Քրդստանի բանվորական կուսակցության մարտիկները հաճախ հարձակումներ են գործում զինվորական հենակետերի և շարասյունների վրա:

Ենթադրում ենք, որ 5-րդ սահմանապահ գնդի գումարտակներն էլ անհրաժեշտության դեպքում ամենաարագը կարող են ցամաքային ճանապարհով հասնել Նախիջևան: Ավելի ծանր մոտոհրաձգային ուժի անհրաժեշտության պարագայում արդեն կարող է օգնության հասնել Բայազեթում տեղակայված 1-ին մեխանիզացված բրիգադը:
Այս բրիգադը մտնում է Թուրքիայի զինված ուժերի 3-րդ բանակի 8-րդ կորպուսի կազմի մեջ: Այն Նախիջևանին մոտ գտնվող ամենամեծ զորամասն է: Բրիգադի կազմում կան զրահատանկային, հրետանային ստորաբաժանումներ, ինչպես նաև զորային ավիացիա՝ բաղկացած առնվազն 4-5 միավոր UH-60 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներից և թուրքական արտադրության հարվածային «Աթաք» ուղղաթիռներից:
Անհրաժեշտության դեպքում 1-ին մեխանիզացված բրիգադի զորային ավիացիան՝ UH-60 ուղղաթիռները կարող են օգնության հասնել 5-րդ գնդին: Նման ենթադրության հիմք է տալիս նաև այս տեսանյութը, երբ 2015-ին քրդական ուժերը Իգդիրում շարասյուն էին պայթեցրել, ինչից հետո օգնության էր հասել UH-60 ուղղաթիռը: Դեպի Նախիջևան զորաշարժի սցենարում ևս այդ ուղղաթիռները կարող են տեղափոխել արագ արձագանքման ստորաբաժանումներ, իսկ «Աթաք» ուղղաթիռները՝ կրակային աջակցություն ցուցաբերել:

Ինչ վերաբերում է թուրքական և ադրբեջանական ստորաբաժանումների փոխգործակցությանը և ներդաշնակ աշխատանքին, ապա այս ուղղությամբ աշխատանք ևս տարվել է. դրա ապացույցը համատեղ զորավարժություններն են, որոնք անկացվում են թե՛ Թուրքիայում և թե՛ Նախիջևանում: Բաց աղբյուրների հետազոտությունից հայտնի է, որ, օրինակ, 2015 թ մայիսին Նախիջևանում անկացված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին թուրքական կողմից մասնակցել են հենց վերոնշյալ 1-ին մեխանիզացված բրիգադի ստորաբաժանումները:

Թուրքական ստորաբաժանումները ինչպե՞ս կարող են հասնել Նախիջևան

Թուրքիան Նախիջևանին կապող հիմնական ճանապարհը մեկն է՝ E99 միջպետական ճանապարհը, որը հատում է Արաքս գետը կամրջով: Այդ ճանապարհով, օրինակ, Արալիկի գումարտակից մինչև Նախիջևան շուրջ 35 կմ է, ինչը տեղափոխության համար կպահանջի շուրջ 30-40 րոպե, գուցե և ավելի պակաս ժամանակ՝ հաշվի առնելով, որ ճանապարհը ուղիղ և բարեկարգ է:
Այդ հատվածում սակայն, թուրքական կողմը 2017-ի երկրորդ կեսից կառուցել է շուրջ 30 կմ երկարությամբ այլընտրանքային երկրորդ ճանապարհը, որը շուրջ 10 կմ-ով երկար է հիմնական ճանապարհից և միևնույն ժամանակ լի ոլորաններով: Հատկանշական է, որ նոր ճանապարհը Նախիջևան է մտնում ավելի հարավային մասից՝ բլուրի հետևից, ինչը մեզ համար ավելի բարդ դիտարկելի տարածք է: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ նոր ճանապարհը կառուցվել է հենց ռազմական նկատառումներից ելնելով: Թեև ճանապարհը կառուցված է, սակայն Արաքս գետը հատող կամուրջ դեռ չկա, չի նկատվում նաև կամուրջի շինարարություն:

Այսպիսով, Նախիջևանում թուրքական զինուժի մշտական տեղակայման հետքեր չկան և քիչ է հավանական, որ առաջիկայում հայտնվեն։ Ասվածը սակայն չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետության արևմտյան սահմաններում ռազմական վտանգը ցածր է։ Նախ՝ Նախիջևանում արդեն իսկ գտնվող ադրբեջանական ուժերը բավականին լուրջ սպառնալիք են և դրանց թերագնահատումն անթույլատրելի է։ Երկրորդ՝ բավականին բարձր է նաև հենց թուրքական զինուժի սպառնալիքը։ Ինչպես նշեցինք՝ հավանական պատերազմի դեպքում Թուրքիան կարող է աջակցել ադրբեջանցիների նախիջևանյան խմբավորմանը։ Ավելին՝ թուրք-ադրբեջանական ներկա համագործակցության և տարվող աշխատանքների պայմաններում թուրքական ռիսկերը մեր համար աճի միտում ունեն: Եվ վերջապես բոլորովին չի կարելի բացառել նաև թուրքերի անմիջական մասնակցությունը ռազմական գործողություններին․ ինչպես արդեն իսկ նշել ենք մեր նախորդ հոդվածում, Թուրքիան ագրեսիայի և սպառնալիքի աղբյուր է իր հարևանների մեծ մասի համար։

razm.info