Նախիջևան. ռազմաքաղաքական հարցեր

Տեղեկատվական և այլ հարցեր

Եթե ուշադիր հետևենք, վերջին երկու տասնամյակների կտրվածքով, Նախիջևանի շուրջ ներքին ու արտաքին զարգացումներին, ապա դժվար չէ նկատել, որ այդ ուղղությամբ մեդիա տիրույթում առկա է տեղեկատվության սղություն, որը մենք պայմանականորեն անվանում ենք տեղեկատվական վակուում։ Նախիջևանյան գործընթացների վերաբերյալ տեղեկատվության խիստ սահմանափակության հանգամանքը թերևս ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ դրդապատճառներ։ Նախ՝ տպավորություն է ստեղծվում, որ նշյալ ժամանակաշրջանում տարածաշրջանային ու, առհասարակ, միջազգային գործընթացներում նվազել է Նախիջևանի նշանակությունը, հետևաբար` դրա վերաբերյալ մամուլում տեղ գտած անդրադարձները առանձնացել են տեղեկատվության սահմանափակությամբ։ Մյուս կողմից` թերևս դժվար է չհամաձայնել, որ նախիջևանյան գործընթացների ուղղությամբ տեղեկատվական հոսքերը, խոշոր հաշվով, վերահսկելի են, ուստի այդ զարգացումների վերաբերյալ լրատվությունը ներկայացվում է այնքան, որքան անհրաժեշտ է, այնպես, ինչպես պետք է։ Նախիջևանի շուրջ առկա տեղեկատվական բազան հիմնականում վերաբերում է այդ ինքնավարության ռազմականացման, ռազմաքաղաքական գործընթացներին, որոնք ուղղակիորեն պայմանավորված են թուրքական գործոնով։ Իհարկե, Նախիջևանի վերաբերյալ մեդիա անդրադարձներում հանդիպում է նաև ինքնավարության տնտեսական, կումունիկացիոն հարցերին վերաբերող լրատվություն, որը, որպես կանոն, առնչություն ունի Իրանի հետ, սակայն համեմատության կարգով նշենք, որ այն քանակական առումով զգալիորեն զիջում է իր դիրքերը Նախիջևանի ռազմականացման թեմատիկային։

Հաշվի առնելով Նախիջևանում ընթացող ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական զարգացումների ու միտումների ուղղությամբ Անկարայի ուղղակի ազդեցությունը և մասնակցությունը, կարծում ենք, որ նախիջևանյան թեմատիկայով տեղեկատվական հոսքերը մեծ մասամբ վերահսկելի են, և այդ գործում զգալի է հենց Թուրքիայի դերը։ Իհարկե, Նախիջևանի վերաբերյալ կարելի է տեղեկատվություն գտնել նաև տեղական հեռուստաընկերության, մի քանի էլեկտրոնային պարբերականների միջոցով, սակայն այստեղ նախ պահանջվում է մասնագիտական-հետազոտական մոտեցում, երկրորդ՝ ամենայն հավանականությամբ, այդ տվյալները կրկին վերահսկելի են և հանրայնացվում են, այսպես ասած, «ֆիլտրվելուց» հետո։

Այստեղից կարող ենք ասել, որ նախիջևանյան գործընթացների վերաբերյալ մեդիա դաշտում առկա տեղեկատվությունը միանշանակ չէ, դրա հավաստիության օբյեկտիվ խնդիր կա, ուստի հայկական մեդիա տիրույթում միայն այդ աղբյուրների հիման վրա դրանց ներկայացումը հանգեցնում է և կհանգեցնի խնդիրների՝ տարբեր առումներով՝ տեղեկատվական, անվտանգային և այլն: Խնդիրն առավել քան արդիական է և մտահոգիչ այն առումով, որ վերջին շրջանում նախիջևանյան ուղղությամբ տեղ գտած փոխհրաձգությունների, հայկական ու ադրբեջանական դիրքերի առաջմղման վերաբերյալ տվյալները շատ հաճախ մեխանիկորեն արտատպվում էին հայկական մամուլում՝ հիմնվելով զուտ ադրբեջանական-նախիջևանյան, ինչպես նաև թուրքական մամուլի վրա։ Այդ հարցում, իհարկե, կարևոր է նաև պետություն-փորձագիտական հանրություն-մեդիա տիրույթ փոխգործակցությունը, որը հնարավորություն կտա ժամանակին վերլուծելու նման տվյալները և հանրությանը ներկայացնելու հնարավորինս հավաստի տեղեկատվություն։

Վերը նշվածի ցայտուն օրինակ էին նախորդ տարվա կեսերին նախիջևանյան ուղղությամբ դիրքային փոխառաջխաղացման իրադարձությունները։ Պաշտոնական Բաքվի հաղորդագրությունների համաձայն` Ադրբեջանը Նախիջևանում կարողացել է իր վերահսկողության տակ վերցնել 11 հազար հեկտար տարածք։ Իրականում սա տեղեկատվական ծուղակ էր։ Իհարկե, այդ փուլում ադրբեջանական կողմը կարողացել է սահմանի որոշ հատվածներում անցնել դիրքային առավել նպաստավոր պայմանների, սակայն հայկական կողմը նույնպես դիրքային նպաստավոր պայմաններ է ստացել այլ սահմանային հատվածներում։ Եվ այս ամենում կարևորագույն հարցը նա է, որ կողմերի միջև դիրքային փոփոխությունների հետևանքով պահպանվում է ուժային հավասարակշռությունը, իսկ դա ցույց է տալիս, որ ադրբեջանական աղբյուրների ներկայացրած տեղեկատվությունը խեղաթյուրված է, ուռճացված։

Ուսումնասիրության շրջանակում կարևոր հարցերից մեկն էլ վերաբերում է Նախիջևանի շուրջ իրավական, իրավաքաղաքական ասպեկտներին: Նախիջևանյան թեմատիկայի ուղղությամբ փորձագիտական դաշտում շատ է շեշտադրվում հարցի իրավաքաղաքական, պայմանագրային կողմի կարևորությունը: Կարծում ենք, որ միջազգային հարաբերություններում այսօր բավական խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել առհասարակ իրավաքաղաքական մեխանիզմների արդյունավետության հիմնահարցերի վերաբերյալ: Քիչ չեն դեպքերը, երբ առկա են գործող պայմանագրեր, նույնիսկ՝ միջազգային նշանակության, սակայն իրականում դրանք չեն պահպանվում: Ասելիքն այն է, որ եթե տվյալ դեպքում Նախիջևանի հարցում, ենթադրաբար, ունենանք ուժային հավասարակշռության խախտում կամ ֆորսմաժորային իրավիճակ, չենք կարծում, որ այդ ուղղությամբ առկա իրավաքաղաքական, պայմանագրային սկզբունքները, կետերը լինեն որոշիչ:

Ռազմականացման միտումները` Նախիջևանում

Նախևառաջ մեզ համար առաջնահերթ խնդիր է հասկանալ՝ ի վերջո, Նախիջևանը Հայաստանի դիտանկյունից ներկայանում է որպես ռեսո՞ւրս, թե՞ խնդիր։ Հարցի նման ձևակերպումը և դրա ուղղությամբ անհրաժեշտ փորձագիտական վերլուծություններն ու գնահատականները հնարավորություն կստեղծեն համապարփակ ու օբյեկտիվ գիտելիքներ ունենալու այդ ուղղությամբ։ Դա, ըստ էության, առանձին, համապարփակ հետազոտություն է: Ինչևէ, անդրադառնալով մեր նյութին, նշենք, որ Հայաստանի անվտանգության տեսանկյունից առավել մտահոգիչ են վերջին տասնամյակում Նախիջևանի ռազմականացման միտումները, որոնք իրենց ազդեցությունն են թողնում տարածաշրջանում ուժերի հարաբերակցության, հավասարակշռության՝ մինչ այժմ գործող ստատուս քվոյի պահպանման գործընթացի վրա։

Նախիջևանում ռազմատեխնիկայի կուտակման և սպառազինման գործընթացն ավելի ակտիվ փուլ անցավ հատկապես 2016-ի ապրիլյան ռազմական գործողություններից հետո, որի հետևանքով տարածաշրջանը հայտնվեց որակապես նոր ռազմաքաղաքական իրավիճակում։ Փորձագիտական հանրության մի հատվածի գնահատականներով՝ ՆԻՀ ռազմականացման ակտիվ գործընթացն ուղղակիորեն պայմանավորված է Հայաստանի կողմից «Իսկանդեր» բալիստիկ հրթիռների ձեռք բերմամբ, ասել է թե՝ հայկական կողմը հրթիռակոծման սպառնալիքի տակ է պահում Բաքուն, ադրբեջանական կողմը՝ Երևանը` Նախիջևանից:

Դժվար չէ նկատել, որ ՆԻՀ ռազմականացման գործընթացում առանձնահատուկ դերակատարում ունի Թուրքիան, որն արտահայտվում է հարցի ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ ռազմաքաղաքական բաղադրիչի հարթությունում։ Ավելին` ՆԻՀ ռազմականացման գործընթացն ուղղորդում է հենց պաշտոնական Անկարան։

Ներկայացնենք որոշ տվյալներ. 2013թ. դեկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ ՆԻՀ 5-րդ բանակային կորպուսի հիման վրա ստեղծվելու է «առանձին համազորային բանակ», որն, ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների, ծառայելու է ՆԻՀ պաշտպանական համակարգի արդյունավետության բարձրացման, մեկ ընդհանուր կենտրոնից կառավարման նպատակներին։ Իսկ արդեն 2014թ. մայիսի 19-ին կայացավ ինքնավարության տարածքում տեղակայված «առանձին համազորային բանակի» ստորաբաժանումներին նոր մարտական դրոշի տրամադրման հանդիսավոր արարողությունը։ Նշենք, որ միջազգային պրակտիկայում համազորային բանակը զինվորական միավոր է, որն ունակ է ինքնուրույն լուծել մարտական խնդիրներ: Ի դեպ, ՆԻՀ-ում տեղակայված կորպուսը բավական մարտունակ է եղել, ինչը, թերևս, պայմանավորված է կորպուսի՝ թուրքական զինվորական հրամանատարության անմիջական վերահսկողության տակ գտնվելու հանգամանքով։

Մտահոգիչ է նաև վերջին շրջանում Նախիջևանում նոր ռազմական գնդի ձևավորման փաստը, որի բացման արարողությանն անձամբ ներկա է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Վերջին տարիներին ՆԻՀ-ում ակտիվորեն ընթացող` ռազմական տեխնիկայի և սպառազինությունների կուտակման գործընթացի համատեքստում խոսվում է շուրջ 300-350, իսկ որոշ աղբյուրներով` 400 միավոր ռազմական տեխնիկայի մասին, այդ թվում՝ հրթիռային համակարգերի, հրետանու, զրահամեքենաների: Առավել անհանգստացնող է «Սմերչ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ), թուրքական «Ռոկեթսան» ընկերության մի քանի միավոր T-300 Kasirga, ինչպես նաև T-122 Sakarya ՀԿՌՀ-ների մատակարարումը Նախիջևանին։ Հաշվի առնելով սահմանի ոչ այնքան մեծ հեռավորությունը Երևանից (ընդամենը 60 կմ)՝ իսկապես, սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս: 2017թ. օգոստոսին համացանցում հայտնվեց Նախիջևանում ադրբեջանցիների կողմից ռուսական արտադրության Սու-25 ռազմական ինքնաթիռների ուսումնական թռիչքները ցուցադրող տեսանյութ:

Ռազմական տեխնիկայի և սպառազինությունների կուտակումներին զուգահեռ, վերջին տարիներին ՆԻՀ-ում կանոնավոր բնույթ են ստացել զորավարժությունները, որոնք անցկացվում են նաև Թուրքիայի հետ համատեղ։ 2014թ. ապրիլի կեսերին ՆԻՀ-ում Ադրբեջանի իշխանություններն անցկացրին լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց մասնակցում էին ավիացիան, ՀՕՊ համակարգերը, հրթիռային, հրետանային զորքերը և այլ զորատեսակներ: Զորավարժությունների ընթացքում ստուգվելու էր Նախիջևանում տեղակայված զորամասերի պատրաստվածությունը: 2016թ. հոկտեմբերի 3-ին Նախիջևանում մեկնարկեցին հրամանատարաշտաբային զորավարժությունները: Ադրբեջանի ՊՆ հաղորդմամբ՝ զորավարժությունների ընթացքում զորամասերը և ստորաբաժանումներն իրականացնելու էին ՆԻՀ տարածքը պաշտպանելու խնդիրներ, փորձարկվելու էին հակառակորդի հարձակումը և սպառնալիքները կանխարգելելու միջոցառումներ, հրթիռահրետանային համակարգերի, օդուժի և սպառազինության այլ միջոցներով ստորաբաժանումներն իրականացնելու էին պայմանական հակառակորդի պաշտպանության խորքում տեղակայված ռազմավարական օբյեկտների ոչնչացման խնդիրներ: Իսկ 2016թ. նոյեմբերին Ադրբեջանում անցկացված լայնամասշտաբ զորավարժություններին տագնապի ազդանշանով ներգրավված էին նաև ՆԻՀ առանձին համազորային բանակի ստորաբաժանումները։ Զորավարժություններն անցկացվում էին օպերատիվ նշանակության շրջանակներում՝ առանձին համազորային բանակի զորամասերի և հրետանային ստորաբաժանումների պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացման նպատակով։ 2017թ. հունիսին ՆԻՀ-ում մեկնարկեցին թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություններ, որոնց նպատակն էր փորձի փոխանակման միջոցով զարգացնել զորքերի համակարգման գործընթացը, գնահատել համատեղ գործողությունների ներուժը: 2017թ. նոյեմբերի երկրորդ կեսին Արցախին և Նախիջևանին կից շրջաններում անցկացվեցին հերթական ադրբեջանական զորավարժությունները։ Նախիջևանի ուղղությամբ զորավարժությունների ընթացքում ցուցադրվեցին Տ–72 տանկեր, «Գրադ» և «Սմերչ» հրթիռային համալիրներ, հրետանի, Դ–30 թնդանոթներ, թռիչքներ իրականացրին Սու-25 ռազմական ինքնաթիռները, Մի 24/35 ուղղաթիռները։

Արձագանքման քայլեր

Նախիջևանի ռազմականացման միտումները մտահոգիչ են ոչ միայն ՀՀ պաշտպանական անվտանգության, այլև, առհասարակ, հարավկովկասյան տարածաշրջանում կայունության պահպանման տեսանկյունից։ Խնդրի լրջությունը շեշտվեց վերջին կես տասնամյակում արցախյան ուղղությամբ սահմանային լարվածության դինամիկայի և ապրիլյան ռազմական գործողությունների ֆոնին։ Միևնույն ժամանակ, հայկական կողմն իր հերթին վերջին շրջանում զգալի աշխատանքներ է իրականացնում ՆԻՀ-ից եկող ռազմական, ռազմաքաղաքական վտանգներն ու մարտահրավերները զսպելու և հակազդելու ուղղությամբ։ Առանձնակի կարևորություն պետք է տալ ՆԻՀ-ի հետ սահմանին հայկական զինուժի կողմից, առանց հրադադարի ռեժիմի խախտման, նոր դիրքեր հսկողության տակ վերցնելու հանգամանքին (շուրջ 100 քառ. կմ): Փորձագիտական գնահատականներով՝ Նախիջևանի ուղղությամբ նոր դիրքեր վերցնելու իրողությունն արձագանքն էր 2014թ. հունիսի սկզբին Նախիջևանի սահմանային լարվածության մեծացմանը, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ երկու զոհ։ Հարցի առնչությամբ ՀՀ ՊՆ-ն գրեթե բաց տեքստով ակնարկեց, որ Նախիջևանում ազատ գործում են թուրքական վարձկաններ, այսինքն՝ Թուրքիայի միջամտությամբ փորձ է արվում Նախիջևանի հատվածում հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը, որը մինչ այժմ համարվել է հայ-ադրբեջանական սահմանի ամենահանգիստ հատվածը, դուրս բերել համեմատական հանգիստ վիճակից։ Հաշվի առնելով ՆԻՀ-ում Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայությունը, առանձին համազորային բանակի՝ Թուրքիայի ԶՈւ-ի առանձնահատուկ ուշադրության ներքո գտնվելու իրողությունը (առկա են թուրք սպայական բարձրաստիճան կազմ, զինվորական խորհրդատուներ)՝ հայկական կողմի վերահսկողության սահմանումը նշյալ դիրքերի նկատմամբ մարտավարական-դիրքային, ինչպես նաև ռազմավարական լուրջ ձեռքբերում պետք է համարել։ Արդեն խոսվեց նախորդ տարվա կեսերին կողմերի միջև նախիջևանյան ուղղությամբ դիրքային պայքարի մասին, որի արդյունքում կողմերը տարբեր հատվածներում կարողացան ունենալ որոշակի դիրքային նոր փոփոխություններ, սակայն դա չխախտեց ուժային հավասարակշռությունը, ինչպես ապատեղեկատվության հիման վրա մատուցում են ադրբեջանական աղբյուրները։

Նախիջևանի զարգացումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս նաև ՌԴ-ին, քանի որ Թուրքիայի ռազմաքաղաքական «ներկայության» ընդլայնումը Նախիջևանում ռազմավարական նշանակության մարտահրավեր է Ռուսաստանին՝ սպառնալով թուլացնել վերջինիս ազդեցությունը Հարավային Կովկասում։ Այս տեսանկյունից, ՆԻՀ համատեքստում, թուրք-ադրբեջանական տանդեմին ի հակադրություն, գրեթե հիմնականում համընկնում են Հայաստանի և ՌԴ ռազմաքաղաքական շահերը, ինչը փաստում են վերջին շրջանում հայ-ռուսական համատեղ հակազդման նախաձեռնությունները։ Տեղին է հիշատակել 2016թ. նոյեմբերի 30-ին հայ-ռուսական միացյալ զորամիավորման մասին պայմանագիր ստորագրումը։ Միացյալ զորախմբում ընդգրկվելու են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և հայաստանյան ռազմական ստորաբաժանումներ, մասնավորապես՝ հայկական զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսը։ Հայ-ռուսական միացյալ զորամիավորումը գործում է 2000 թվականից, և նոր պայմանագիրը միայն ամրապնդում է այդ զորամիավորման իրավական հիմքը։ Հայկական կողմը չի թաքցնում, որ անհրաժեշտության դեպքում հայկական զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով զորամիավորումը կարող է պատասխանել նաև թուրքական կողմից եկող վտանգներին։ Կարևոր է նաև ՀՀ-ի և ՌԴ-ի միջև «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» (ՀԱԿՏ ՀՕՊ համակարգ) համաձայնագրի իրավաքաղաքական հենքի ձևավորումը (համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին)։ Համաձայնագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ «հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի և հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը»: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս օգտագործելու ՌԴ ԶՈւ օդատիեզերական զորքերի ներուժը` ընդհուպ մինչև միջուկային զենքի կիրառում: Համաձայնագրի օգնությամբ հայկական կողմը կստանա Հայաստանում գտնվող ՀՕՊ ռուսական ռեսուրսները, այդ թվում` կործանիչ ավիացիան։

Կարեն Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ

www.yerkir.am