ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ Թուրքիան պատրաստվում է ռազմաբազա կառուցել Նախիջևանում:
Եթե այս լուրերը համապատասխանում են իրականությանն ու խոսքը գնում է լիարժեք ռազմաբազայի մասին, այլ ոչ թե թուրքական սպաների և այլ մասնագետների մասնակցությանը Նախիջևանի ադրբեջանական առանձին համազորային բանակի ամրապնդմանը, ապա սա լուրջ ահազանգ է թե ՌԴ-ին, թե ՀՀ-ին ու Արցախին:
Մի կողմ թողնելով ՌԴ-ի հնարավոր արձագանքը նշենք, թե ինչ վտանգներ է այդ ռազմաբազան պարունակելու ՀՀ-ԼՂՀ անվտանգությանը:
Բաքուն ակտիվորեն զինվում է ու պատրաստվում ղարաբաղյան հարցի ռազմական լուծման’Ադրբեջանը հասկանում է, որ հայկական կողմերը չեն գնալու այնպիսի զիջումների, որը կբավարարի Բաքվին:
Ռազմական ճանապարհով հարցը լուծելու համար նրանք Նախիջևանը վերածում են ռազմական ամրոցի’հարձակողական զինատեսակներ’հրետանի, հրթիռներ, կործանիչներ, հարվածային ուղղաթիռներ, տանկեր կենտրոնացնելով Նախիջևանում:
Թուրքիան էլ պատրաստվում է Կարսից նոր երկաթգիծ կառուցել դեպի Նախիջևան’հասկանալի է, որ դա արվում է թե տնտեսական, թե ռազմական նպատակներով: Զորքերի, զինտեխնիկայի, նյութատեխնիկական բազան ավելի արագ դեպի Նախիջևան տեղափոխելու ու զորքերի տեղաշարժին’Թուրքիայից դեպի Նախիջևան, օպերատիվություն հաղորդելու համար:
Նախիջևանն այն տրոյական ձին է լինելու, որը մնալու է ՀՀ-ի ու ԼՂՀ-ի զինված ուժերի թիկունքում’Ղարաբաղում պատերազմի դեպքում: Նախիջևանից հարվածի տակ են պահվելու Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզն ու դամոկլյան սուր կախված լինի մայրաքաղաք Երևանի վրա’Նախիջևանից հրթիռները հնարավորություն ունեն հասնելու ՀՀ-ի մայրաքաղաք:
Ուժեղացնելով նախիջևանյան պլացդարմը Բաքուն նպատակ ունի փոշիացնել, ցրել ՀՀ-ի ուժերի տարբեր ճակատներով’ղարաբաղյան, Տավուշ’հայ-ադրբեջանական սահման, ինչպես նաև Նախիջևան: Այստեղ կենտրոնացած հայկական ուժերը ստիպված կլինեն Արցախում պատերազմի դեպքում մնալ իրենց դիրքերում, խրամատներում, այլ ոչ թե օգնության շտապեն Գորիս-Լաչին ճանապարհով դեպի Արցախ:
Նույն ռազմավարությունն է Բաքուն օգտագործելու Տավուշի ուղղությամբ’կրակի տակ պահելով ՀՀ-Վրաստան կյանքի ճանապարհն ու սահմանամերձ գյուղեր, թույլ չի տալու 3-րդ բանակային կորպուսի լրացուցիչ ուժերին տեղաշարժվել Արցախ’Վարդենիս-Մարտակերտ ճանապարհով:
Ադրբեջանը պատրաստվում է թե հարձակողական, թե պաշտպանական մարտերին’մեծ քանակությամբ գնելով հարվածային անօդաչուներ’որոշ տեսակներ արդեն իսկ արտադրվում են Ադրբեջանում, հակատանկային միջոցներ’իսրայելական, ռուսական, ուկրաինական, որպեսզի թույլ չտան հայկական ուժերին տանկային գրոհներով դուրս գալ օպերատիվ խորություն’Քուռ գետի ափ ու Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունեցող Գյանջա-Ղազախական տնտեսական շրջան’այնտեղով են անցնում բոլոր նավթագազամուղերը, Բաքու-Թբիլիսի երկաթուղին, Վրաստան-Ադրբեջան միջպետական ճանապարհը:
Ինչ վերաբերվում է թուրքական ռազմաբազային, ապա այն պանթուրքիստական ֆունկցիաներ է իրականացնելու`սպառնալով կտրել Սյունիքն ու թիրախավորել մայրաքաղաք Երևանը:
Ադրբեջանը թույլ տալով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ռազմաբազա կառուցել Նախիջևանում հնարավոր պատերազմի դեպքում ստիպելու է հայկական կողմին հարվածել թուրքական զորքերին`դրանով պատերազմի մեջ ներքաշելով գրեթե մեկ միլիոնանոց թուրքական բանակն`այդ դեպքում կարձագանքի ՌԴ-ն ու պատերազմը կվերածվի ՌԴ-ՆԱՏՕ պատերազմի առանձին վերցրած նախիջևանյան թատերաբեմում:
Կամ ՀՀ-ն չի հարվածելու Նախիջևանին, որպեսզի ուղիղ ռազմական բախման մեջ չմտնի Թուրքիայի հետ, սակայն այդ պարագայում էլ ՀՀ Զինված ուժերը ստիպված կլինեն մեծ քանակությամբ զորքեր պահել նախիջևանյան պլացդարմի ուղղությամբ`չկարողանալով զգալի ուժեր հատկացնել Արցախին:
Արտյոմ Բալասանովի ֆեյսբուքյան էջից