Նախիջեւան՝ պատմություն, լծակներ եւ վտանգներ

Երեւան: Մեդիամաքս: «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»-ը քննարկում է անցկացրել «Նախիջեւան. կորուստ եւ հնարավորություններ» խորագրով:

Ներկայացնում ենք քննարկման մասնակիցների մտքերը՝ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» տրամադրած հաղորդագրության համաձայն:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյան

«1920թ փետրվարին Ազգերի Լիգայում ստեղծվեց հատուկ հանձնաժողով (կոչվում էր Հայաստանի հանրապետության սահմանների որոշելու հանձնաժողով), որի անդամ էին Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան եւ Ճապոնիան: Այդ հանձնաժողովը, որը պիտի որոշեր Հայաստանի սահմանները Վրաստանի եւ Ադրբեջանի հետ, 1920թ. փետրվարի 24-ին հանդես եկավ զեկույց-առաջարկով, որի հիմքում՝ որպես սկզբունք, դրված էր ազգագրական թվային պատկերը, որտեղ Հայաստանն Ադրբեջանի մասով նշված էր Արցախի ու Գարդմանքի սահմանով:

Նախիջեւանի հարցով հարցը վիճելի չէր, Ազգերի լիգան որոշել էր, դա Հայաստանի Հանրապետության մաս է, եւ տարբեր փաստաթղթերով, քարտեզներով դա ամրագրված էր: Դա պիտի ի կատար ածվեր 100 օրվա ընթացքում՝ Վիլսոնի իրավարար վճռից հետո, եւ դա ամրագրվեց նաեւ Սեւրի պայմանագրի 90-րդ հոդվածում: Վճիռը կայացվեց 1920թ. նոյեմբերի 22-ին, իսկ դեկտեմբերի 2-ին Հայաստանը սովետականացվեց:

1921թ. Մոսկվայի պայմանագրի 3-րդ հոդվածով առաջին անգամ Նախիջեւանը` որպես պրոտեկտորատ, դրվեց Ադրբեջանի ենթակայության տակ, նույն սկզբունքները հոկտեմբերի 13-ին Կարսի պայմանագրով վերահաստատվեցին, եւ դրա տակ, բնականաբար, դրվեց Սովետական Հայաստանի ստորագրությունը:

Ես միշտ պնդել եմ, որ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերն իրավական փաստաթղթեր չեն, դրանք միջազգային պայմանագրեր չեն»:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյան

«Տեղի է ունեցել տարածքի անհամաչափ փոխանակում. Իրանի պետությունը Թուրքիայից ստացել է երեք անգամ ավելի մեծ տարածք Կոտուրի լեռներում՝ հատկացնելով այս փոքր կտորը, որի միջոցով ռազմավարական առումով փաստացիորեն Թուրքիան ցամաքային կապ է հաստատել Նախիջեւանի հետ:

Հիշենք, որ Նախիջեւանը մայրցամաքային Ադրբեջանի հետ ուղղակի կապ չունի, բայց այդ պետության տարածքի մի մասն է: Այս ժամանակաշրջանում Իրանի Ռեզա շահը շատ խնդիրներում ընդօրինակում էր Քեմալ Աթաթուրքին՝ աշխարհիկացման գործընթացից սկսած մինչեւ կառավարման բարեփոխումներ եւ այլն: Իրանցիները ժամանակին, ի դեմս Իրանի շահի, չեն գիտակցել, թե ինչ բացթողումներ են կատարվում՝ ներքին քաղաքականությունից մինչեւ սահմանի խնդիրներ, եւ հետո միայն շատ վերլուծաբաններ դա որակել են՝ որպես պատմական սխալ: Թուրքիայի դիրքերն ուժեղացել են տարածաշրջանում, Իրանի դիրքերը թուլացել են: Իրանում այս հարցի մասին երկու կարծիք չկա. որեւէ մեկը չի արդարացնում այդ տարածքային փոխանակումը:

Բայց նույնիսկ դա չի խոչընդոտում Իրանին ունենալ Ադրբեջանում մեծ ներկայություն. այս տարիներին իրանցիներն Ադրբեջանի նկատմամբ ձեռք են բերել հսկայական ազդեցության լծակ. բավական է իրանցիները ճանապարհը փակեն, Նախիջեւանը կհայտնվի շրջափակման մեջ. նաեւ՝ Նախիջեւանը Իրանից կախված է գազն ապահովելու խնդրով: Իրանցիներն Ադրբեջանում հսկայական եկամուտի աղբյուր են՝ առաջին հերթին զբոսաշրջության ոլորտում»:

Իրանագետ Արտյոմ Տոնոյան

«Ադրբեջանում իշխում է ալիեւյան կլանը, որ սերում է Նախիջեւանից: Հետխորհրդային ամբողջ շրջանում եղել է նախիջեւանյան կլանը: Նախկին նախագահ Էլչիբեյը եւս նախիջեւանյան կլանից է: Երբ Էլչիբեյի կյանքը վտանգված էր, նա շարժվեց դեպի Նախիջեւան, կայանեց այստեղ: Ըստ էության, Նախիջեւանն այսօր էլ ընկալվում է որպես ապաստարան ադրբեջանական քաղաքական վերնախավի համար տարատեսակ քաղաքական ցնցումների պարագայում»:

Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

«Մեղրիից մինչեւ Երասխ ողջ սահմանի երկայնքով դիրքային առավելությունը մերն է, բայց մարտավարական առումով ինչ-որ մի նեղ տեղում կարող են իրենք առավելություն ունենալ: Միեւնույն ժամանակ, սակայն, մեր զգոնությամբ պիտի բացառենք, որ նրանք հնարավոր մարտական գործողությունների ժամանակ մարտավարական առավելություն ունենան: Իհարկե, դիրքային փոփոխություններ անելը Նախիջեւանի սահմանի ակտիվության հիմնական պատճառներից միայն մեկն է:

Ադրբեջանում կան նաեւ լուրջ քաղաքական պատճառներ: Հայտնի է, որ Նախիջեւանի բնակչությունն առանձնանում է հայերի նկատմամբ պակա՛ս թշնամական տրամադրվածությամբ, քան Տավուշի հատվածում է, Արցախի հատվածում է: Նախկինում այս հատվածում եղել է փոխադարձ հարգանք, հրամանատարների մակարդակով շփումներ: Հիմա Ալիեւը Նախիջեւան այցերի ժամանակ կիրառում է հայատյաց հռետորաբանություն. ամեն կերպ փորձ է արվում Ադրբեջանի այլ հատվածներում եւ Նախիջեւանում համաչափ ատելության մթնոլորտ պահպանել»:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյան

«Ես ուսումնասիրել եմ Խորհրդային Նախիջեւանի սահմանադրությունը եւ որոշ ենթաօրենսդրական ակտեր. 1941թ. սահմանադրությունում նշվում է, որ դատաիրավական գործընթացները պետք է կազմակերպվեն նաեւ հայերենով, կրթությունը պետք է լինի հայերենով: Հետագայում արդեն հանված է այդ դրույթը, որ դատական, կրթական գործընթացները կազմակերպվեն նաեւ ազգային փոքրամասնությունների լեզուներով:

Կարծում եմ, որ այդ ամենն ուսումնասիրելով եւ համադրելով հուշերի առկա տվյալների հետ՝ կարելի է օգտագործել բանակցությունների ժամանակ: Այստեղ մենք պետք է հստակ ցույց տանք, որ եթե դուք պնդում եք, որ հայերը Արցախի տարածքում կարող են ինքնորոշման ստատուսով ապրել Ադրբեջանի տարածքում, ապա տեսեք, որ Նախիջեւանի հատվածում ինքնորոշման ստատուսով ապրելը բերեց տարածքի հայաթափմանը»:

Mediamax.am