Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:
Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ դրանք արժանանալու են կոշտ հակազդման: Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Ադրբեջանական զինված ուժերի սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Ալավերդյանը երկու անչափահաս երեխաների հայր էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նրա ընկերը՝ Ռազմիկ Արշակյանը։
«Սամվելի ծնողները հաշմանդամ են։ Ընտանիքում աշխատում է նաև Սամվելի կինը, սակայն ապրում են սոցիալապես վատ պայմաններում»,-ասաց Ռազմիկ Արշակյանը։
38-ամյա Սամվել Ալավերդյանը երկու տարի էր, ինչ ծառայության էր անցել Պաշտպանության բանակում որպես պայմանագրային զինծառայող։ Նա 44-օրյա պատերազմի մասնակից էր։
Սամվել Ալավերդյանը կհուղարկավորվի հուլիսի 16-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։