Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ բացել է Նախիջեւանի ռազմական օդանավակայանը, որը շատ մոտ է Հայաստանի սահմանին:
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ այցի ընթացքում Ալիեւը մասնակցել է Նախիջեւանի միջազգային օդանավակայանի նոր թռիչքուղու բացմանը, եւս մի քանի օբյեկտների՝ Կենտրոնական հոսպիտալի, Արհեստական բեղմնավորման կենտրոնի, Ջուլֆա-Օրդուբադ մայրուղու բացման արարողություններին, ծանոթացել Օրդուբադի ՀԷԿ-ի կառուցման ընթացքին: Ալիեւը վերջին անգամ Նախիջեւան էր այցելել 2018-ին:
Միաժամանակ Բաքվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ նրա հանդիպումներում քննարկման հիմնական թեմաներից մեկը տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական բոլոր ուղիների ապաշրջափակումն է։
«Հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների 2020-ի նոյեմբերի 9-ի եւ 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների բազմակողմ իրականացմանը։ Նախատեսված է քննարկել Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, ղարաբաղյան կարգավորման հումանիտար ասպեկտները, հետկոնֆլիկտային վերականգնման ու խաղաղ կյանք հաստատելու հարցերը»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։
ՌԴ ԱԳՆ-ն նշել է նաեւ, որ ռուսական կողմը հակված է Ադրբեջանի հետ շարունակել բաց եւ փոխհարգալից երկխոսությունը բոլոր՝ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում հարաբերությունները զարգացնելու համար։
aliqmedia.am