Ֆիզուլիի շրջանում մեկնարկել է Ադրբեջան-Նախիջևան երկաթուղու առաջին հատվածի շինարարությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ֆիզուլիի շրջան՝ ազդարարելով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող երկաթուղու առաջին՝ Հորադիզ-Աղբենդ հատվածի շինարարության մեկնարկը։ Այս մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։

«Երկարատև դադարից հետո Ադրբեջանի և դրա անբաժան մասի՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև երկաթուղային կապ է ապահովվելու՝ ի կատար ածելով նաև մեր ռազմավարական, տնտեսական և քաղաքական նպատակները», – երկաթուղու շինարարարության մեկնարկին նվիրված արարողության ժամանակ հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ նոր կառուցվող երկաթուղին տարածաշրջանի մյուս պետություններին ևս ծառայելու է։

«Միաժամանակ կարող է բացվել երկաթուղային ճանապարհը Ռուսաստանից դեպի Հայաստան։ Այդ ճանապարհը կարող է անցնել բացառապես Ադրբեջանի տարածքով։ Բացի այդ, Նախիջևանի տարածքով երկաթուղային կապ կհաստատվի Ռուսաստանի և Իրանի միջև, երկաթուղային կապ կլինի նաև Հայաստանի և Իրանի միջև։ Միմյանց կկապվեն նաև Ռուսաստանի և Թուրքիայի երկաթուղիները։ Այս ծրագրից տարածաշրջանի պետությունները միայն օգուտ կստանան», – հայտարարել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը նաև տեղեկացրել է, որ Իլհամ Ալիևն այցելել է նախկինում հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Ջաբրայիլի, Զանգելանի և Լաչինի շրջաններ։

«Լաչինի Գյուլաբիրդ գյուղում Ալիևը մասնակցել է 8 մեգավատ հզորություն ունեցող հիդրոէլեկտրակայանի բացմանը», – տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։

azatutyun.am