Այս շաբաթ կսկսվեն Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան երկաթուղու գործարկման բանակցությունները

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկը, Մհեր Գրիգորյանը եւ Շահին Մուստաֆաեւը հունվարի 27-ին կհանդիպեն Մոսկվայում: Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների աղբյուրները RBC-ին հայտնել են, որ օրակարգի գլխավոր հարցն է Հարավային Կովկասում տրանսպորտային կապի կառուցումը:

Փոխվարչապետերը պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագիծ, մասնավորապես, Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցում, որը միացնելու է Ադրբեջանն ու Նախիջեւանը, ինչպես նաեւ Հայաստանն ու Ռուսաստանը: Բացի այդ, կքննարկեն Նախիջեւանի միջոցով երկաթուղային ճանապարհով Հայաստանն ու Իրանը կապելու առաջարկը: Ադրբեջանն արդեն սկսել է իր տարածքում կառուցել երկաթուղու մի հատված:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւն ընդունել էին Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ, որը կզբաղվի տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցերով: Փոխվարչապետերը դեռ պետք է հաստատեն փորձագիտական ենթախմբերի կազմը, որոնք էլ կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները՝ նախագծերի իրականացման համար: Եվ դրանից հետո՝ մինչեւ մարտի 1-ը, փոխվարչապետերը պետք է ներկայացնեն Հայաստանն ու Ադրբեջանը կապող երկաթուղային ու ավտոճանապարհային ուղիների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման կամ կառուցման ժամանակացույցը:

yerkirmedia.am