168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն, անդրադառնալով Ալիևի՝ «Նախիջևանի միջանցք» բացելու վերաբերյալ հայտարարությանը,նշեց, որ, եթե նման բան տեղի ունենա, կնշանակի՝ պանթուրքիզմի դարավոր ծրագրի իրականացում։
«Այդ դեպքում ուղիղ կապ կստեղծվի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, և դրա միջոցով Թուրքիան հնարավորություն կունենա կապվելու Կենտրոնական ասիական թուրքալեզու երկրների հետ, սա մտնում է պանթուրքիստական ծրագրերի մեջ։ Այսինքն՝ «Նախիջևանյան միջանցքի» բացումը նշանակում է, որ Թուրքիան իրագործում է պանթուրքիզմի ծրագիրը։ Սա շատ վտանգավոր է Հայաստանի համար, այն առումով, որ վերջերս Թուրքիայում անցկացվեց հարցում, և բնակչության ամենամեծ հատվածը կարծիք էր հայտնել, որ Թուրքիան պետք է պանթուրքիստական քաղաքականություն վարի։ Փաստորեն, սա իրենց դարավոր երազանքների ու քաղաքական նպատակների իրականացում է նշանակում»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Նա դժվարացավ ասել, թե ստեղծված իրավիճակում Հայաստանն ինչ կարող է անել, բայց որ այդ ծրագրի իրականացումից հնարավորինս պետք է խուսափի՝ փաստ է։
Թուրքագետը նաև ընդգծեց, որ պատկերացում չունի, թե հայ դիվանագիտությունն ինչ հնարավորություններ ունի թշնամու նախատեսած ծրագրի իրագործումը թույլ չտալու համար։
«Նույնիսկ, եթե այդ ամենն իրականացվի և «Նախիջևանի միջանցքը» գործի, համոզված եմ, որ վտանգ կլինի Հայաստանի գնացքների, ապրանքների համար։ Հիշում եմ խորհրդային ժամանակները, երբ Երևան-Բաքու գնացք կար, որն անցնում էր Նախիջևանի տարածքով, հետո մտնում էր բուն Ադրբեջանի տարածք։ Մեզ գնացքի աշխատակիցները միշտ խորհուրդ էին տալիս, որ երբ գնացքն անցնում է Ադրբեջանի տարածքով՝ պատուհաններից հեռու մնանք, որովհետև քարերով անընդհատ հարվածում էին, սա՝ դեռ այն ժամանակ։ Կարծում եմ՝ այժմ բոլորին էլ պարզ է, թե ինչ կլինի, սա վտանգավոր է շատ»,- հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Հիշեցնենք, որ Ալիևը խոսել էր «Նախիջևանի միջանցքից»՝ նշելով, որ դրանից կարող են օգտվել՝ ինչպես Թուրքիան ու Ռուսաստանը, այնպես էլ՝ Հայաստանը։
Արձագանքելով Ալիևի այս հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն ասել էր, որ Հայաստանը հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների՝ Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն և հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ:
«Հետաքրքրված ենք դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական բեռների ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի միջոցով տեղափոխման հնարավորությամբ, իսկ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հատկապես երկաթուղային տրանսպորտով փոխադրումներով: Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի Արևելյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»,- նշել էր Փաշինյանի խոսնակը: