l Monitor պարբերականի սյունակագիր Ֆեհիմ Թաշքեթինը թվարկել է այն հիմնական դիրքերը, որոնք Իրանը կկորցնի` Հայաստանի տարածքով Թուրքիայից Ադրբեջան ուղիղ տրանսպորտային կապի հաստատման դեպքում: Այս մասին տեղեկացնում է realtribune.ru կայքը:
Այսպիսով Թաշքեթինը մասնավորապես նշել է.
1) Նախատեսված տրանսպորտային միջանցքով խողովակաշարը կարող է նվազեցնել Թուրքիայի էներգետիկ ծախսերը: Անկարան հազար խորանարդ մետր իրանական գազի համար վճարում է 490 դոլար, իսկ Նախիջևանով անցնող խողովակաշարը կարող է ծախսը իջեցնել մինչև 335 դոլար:
2) Թուրքմենական գազը նույնպես կարող է հոսել դեպի Թուրքիա:
3) Նախիջևանի միջանցքը կամրապնդի Թուրքիայի դիրքերը, երբ 2026 թվականին վերջինս բանակցելիս կլինի Իրանի հետ իր գազային պայմանագրի երկարաձգման շուրջ:
4) ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող Տրանսկասպյան գազատարի նախագիծը կարող է վերածնվել:
5) Անդրանատոլիական գազատարի աշխատանքը, որը նախատեսված է ադրբեջանական գազը Թուրքիայով Եվրոպա տեղափոխելու համար, կարող է կրկնապատկվել՝ տարեկան կազմելով 32 միլիարդ խորանարդ մետր
6) Թուրքիայից Նախիջևան 230 կմ երկարությամբ երկաթգիծը կարող է լրացնել Բաքուն, Թբիլիսին և Կարսը կապող երկաթուղին Իրան-Աֆղանստան-Պակիստան երթուղու հետ՝ Թուրքիան դարձնելով հիմնական տարանցիկ հանգույց:
Sabah պարբերականը, որը չի թաքցնում իր համակրանքը Թուրքիայի կառավարության հանդեպ, ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով, որ Նախիջևանի և Ադրբեջանի միջանցքը «բացում է ռազմավարական առևտրային և էներգետիկ ուղի, որը Թուրքիային տանում է դեպի Խաղաղ օվկիանոսի ափեր»:
Սակայն Թուրքիայի երազանքները մտահոգություն են առաջացնում Իրանում: Երկար տարիներ Իրանը ծառայել է որպես Նախիջևանի և Ադրբեջանի միջև այլընտրանքային ցամաքային կապ ՝ շահույթ ստանալով և մեծացնելով իր ազդեցությունը Բաքվում: Իրանը այժմ վախենում է կորցնել այդ ազդեցությունը:
Ըստ իրանական Mashreq առցանց հրատարակության, Իսլամական Հանրապետությունը 15% է ստանում Նախիջևան ադրբեջանական գազի մատակարարումից: Այն նաև ծառայում է որպես Միջին Ասիա թուրքական արտահանման ուղի: Միջին հաշվով ամեն ամիս իրանական երթուղուց օգտվում է շուրջ 12 000 թուրքական բեռնատար: Միևնույն ժամանակ, Իրանը դեպի Թուրքմենստանի սահման Թուրքիայի 1800 կիլոմետրանոց ճանապարհի համար ուղեվարձ է գանձում մինչև 800 դոլար: Այս եկամուտներն այժմ կարող են նվազել:
Իրանական Javan Daily հրատարակությունը իր հերթին նշում է, որ Թուրքիան, որը հետևում է Վաշինգտոնի ռազմավարությանը, սպառնում է ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին, ուստի Թեհրանը «չի ընդունի նման միջանցքը»:
https://www.allbanks.am/pages/view/gaz-matakararum-adrbejan-socar/