ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, խոսելով Իգդիր-Նախիջեւան գազամուղ կառուցելու թուրք-ադրբեջանական համաձայնության մասին, ահազանգել է Հայաստանի հարավը՝ Զանգեզուրը ենթակառուցվածքային օղակի մեջ վերցնելու եւ դրանով «ճեղքելու» վտանգին, նշելով, որ հրատապ է բանակցողի փոփոխությունը՝ նոյեմբերի 9-ի համաձայնության 9-րդ կետը փոխելու համար:
Այդ կետը վերաբերում է հաղորդուղիների բացմանը, այդ թվում Նախիջեւան-Ադրբեջան տրանսպորտային միջոցների եւ բեռների փոխադրմանը, որը պետք է հսկի ՌԴ ԱԴԾ-ն: Նույն կետում խոսվում է կողմերի համաձայնությամբ Նախիջեւան-Ադրբեջան նոր հաղորդուղիների մասին:
Արմեն Աշոտյանը անում է թերեւս բացառիկ բան՝ նա կոնկրետ մատնացույց է անում, թե նոյեմբերի 9-ի համաձայնագրի որ կետի փոփոխության խնդիր ունի «նոր բանակցողը»: Դեռ թողնենք հարցը, թե ի վերջո ով է լինելու այդ «խորհրդավոր» նոր բանակցողը՝ միասնական թեկնածու Վազգեն Մանուկյա՞նը, թե՞ մարդ, որն ի հայտ կգա Մանուկյանի կառավարության կազմակերպած արտահերթ ընտրության արդյունքում:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծես թե առաջինն է արմատական ընդդիմության գործիչներից, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի առումով մատնացույց է անում փոփոխության ենթակա շատ կոնկրետ կետ: Առայժմ արվել են ընդհանուր հայտարարություններ, որ չեն հաշտվի համաձայնագրի հետ, բայց ընդունում են ի գիտություն, եւ որ հարկ է հետագայում անել քայլեր, որոնք թույլ կտան իրավիճակը փոխել մեր շահին համահունչ:
Մինչդեռ, երբ խոսվում է կոնկրետությամբ, դա արդեն ստեղծում է հանրության առաջ պատասխանատվության բոլորովին նոր աստիճան: Այդ իմաստով, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 17-ի ձեւաչափի համար դնում է այդ աստիճանի խնդիրը՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետ:
www.lragir.am